Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ մեր երկրում ոչ բոլորին է հաջողվում պաշտոնանկությունից հետո պահպանել պաշտոնավարման ընթացքում «ծաղկեցրած» բիզնեսը: Օրինակ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Ներսիկ Նազարյանը: Yerkir.am-ի տեղեկություններով` նա ներկայումս գտնվում է Մոսկվայում և փորձում է փրկել այնտեղ բացած, սակայն կարճ ժամանակահատվածում «տակ տված» բիզնեսը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մեկ տարի առաջ Մոսկվայում բացված սուպերմարկետը ոչ միայն չի արդարացրել նրա սպասելիքները, այլև ֆինանսական ծանր կացության մեջ է գցել Նազարյանին:
Բանն այն է, որ Նազարյանը Մոսկվայում ի սկզբանե սխալ «տանիք» է ընտրել: Մեր տեղեկություններով` նախկին ոստիկանապետը, ով մի ժամանակ մեծ հեղինակություն ուներ Հայաստանում և որոշ գործարարների և պաշտոնյաների «տանիքն» էր, այժմ փորձում է ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը:
Նշենք, որ նրա որդին էլ` Արմեն Նազարյանը, ըստ մամուլի հրապարակումների, Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես է սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ:
Նախկին պաշտոնյայի անհաջողությունները սկսվել են մեկուկես տարի առաջ հենց Հայաստանում: Ըստ մեզ հասած լուրերի` նրան հանել են Երևանում գործող մի շարք եկամտաբեր «օբյեկտների», այդ թվում` Նար-Դոս փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի փայատերերի ցանկից: Մեր տեղեկություններով` Երևանի նախկին ոստիկանապետի գործերը Հայաստանում այնքան են վատացել, որ վաճառքի է հանել Նորքում գտնվող իր առանձնատունը: Խոսակցություններ կան, որ նա մոտ 10 մլն դոլարի վարկային պարտավորություններ ունի:
Ընդամենը երկու ամիս առաջ էլ փակվեց նրա որդուն պատկանող` Երևանի Կոմիտասի 1 հասցեում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը: Ասում են` «Մոսկվիչկա»-ի ղեկավարությունը հսկայական գումարներ է պարտք մատակարարներին:
Ի դեպ, Կոմիտասի 1-ի տարածքը Նազարյաններին վարձակալությամբ տրամադրել էր Քեթրինի Միհրանը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով նախորդ ամիս «Մոսկվիչկա»-ի տեղում վերաբացեց «Ֆրեշ» սուպերմարկետը: Ի տարբերությունն այլոց, Քեթրինի Միհրանը, հավանաբար, պաշտոնյա լինելու շնորհիվ հաջողությամբ ծաղկեցնում է իր բիզնեսը: Նշենք նաեւ, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պետական պաշտոնյային են պատկանում Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը, «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Кавказская пленница» ռեստորանների ցանցը:
Փաստորեն, Ներսիկ Նազարյանի դեպքում` չկա պաշտոն, չկա բիզնես: