կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 14:25
Տնտեսական

270 միլիոն դոլար գումար է պահանջվում՝ ատոմակայանը գործարկելու համար

270 միլիոն դոլար գումար է պահանջվում՝ ատոմակայանը գործարկելու համար

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` 2014 թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված «Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

 

Հիմնական զեկուցող` էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ երկարաձգվում է էներգաբլոկի աշխատանքը, և համապատասխան մարմինների միջև կանոնակարգվում են իրավական հարաբերությունները և կազմակերպչական հարցերը: Եվ այդ աշխատանքներից հետո ատոմակայանը մինչև 2026թ. կունենա աշխատելու լիցենզիա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց նրան` ասելով, որ ատոմակայանի հարցը Հայաստանի քաղաքացիների համար կարևոր  է: Նա հիշեցրեց, որ ատոմակայանի հարցի շուրջ եղել են աղմկահարույց դեպքեր, ձերբակալություններ, ապա հարցրեց, թե վարկային ու ֆինանսնական պարտավորությունների մասով Հայաստանն ի՞նչ պարտավորություններ է վերցնում իր վրա: Փոխնախարարը պատասխանեց, որ կա ծրագրային փաթեթ, թե ինչպես պետք է գործի էներգահամակարգը:

 

«Մենք այս քայլը կատարել ենք ստիպված, որ մոտական տասը տարիների ընթացքում, եթե չունենանք նոր բլոկ, ու եթե կանգնեցնենք գործող բլոկը, կունենանք խնդիր: Ահա, թե ինչու որոշվեց երկարաձգել գործող բլոկի աշխատանքը: «Ռուսատոմ»-ը աշխատանքներ է տանում ատոմակայանում, նախնական գնահատականով`  270 միլիոն դոլար գումար է մեզ պահանջվում` գումարած 30 միլիոն դրամաշնորհային միջոցներ՝ ՌԴ-ից: Չի բացառվում, որ դրանից քիչ գումար պահանջվի` այդ ծրագիրը իրականացնելու համար»,- ասաց փոխնախարարը՝ հիմնավորելով, որ եթե այդ ծրագիրը չիրականացվի, ապա ստիպված են լինելու ՋԷԿ-երից էլեկտրաէներգիա գնել, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման: