կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 15:05
Մշակույթ

Վիոլետա Գևորգյանն իր հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգա լավագույն դերերով

Վիոլետա Գևորգյանն իր հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգա լավագույն դերերով

Նոյեմբերի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ: Կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին: Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

 

Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել է ավելի քան 20 դեր, նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում: 1980 թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:

 

Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում: 1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1991 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բնակվում է մինչ օրս: