Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրանտ Դինք» հիմնադրամն Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի հետ «Կնքված դարպաս. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով համաժողով է կազմակերպել: Այդ մասին հայտնում է «Ակօս»-ը:
«Ցանկանում ենք մարդկանց ազատազրկող և խղճից հեռացնող բոլոր սահմանները վերացնել»,- բացման խոսքում ասել է «Հրատ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:
Համաժողովի առաջին օրվա քննարկումների թեման եղել է հայ-թուրքական փակ սահմանի պատմությունն ու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում «գլխավոր խոչընդոտ հանդիսացող Ղարաբաղյան հարցը»:
Նշելով հայ-թուրքական սահմանը բացելու համար Ղարաբաղյան հարցի լուծման նախապայմանի մասին՝ «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ, «Ղարաբաղ» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն ասել է. «Սահմանը փակ պահելու նպատակով օգտագործվող Ղարաբաղյան հարցը սառեցված չէ: Ընդհակառակը` հանուն դրա՝ մարդիկ դեռ զոհում են իրենց կյանքը: Եթե խաղաղություն չհաստատվի, ու մի օր ճնշումն ավելանա, հետևանքներն ավերիչ կլինեն»:
Համաժողովի երկրորդ օրը քննարկվել են հայ-թուրքական սահմանի փակ լինելու տնտեսական հետևանքներն ու տնտեսական համագործակցության հնարավորությունները: «Բաց սահմաններ, բաց շուկաներ» խորագրով քննարկման ընթացքում ներկայացվել են տնտեսական ուսումնասիրության արդյունքներ, համաձայն որոնց՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակը տուժում է փակ սահմանների պատճառով:
Լրագրող Ամբերին Զամանի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի գլխավորած` «Բաց սահմաններ, բաց գաղափարներ» խորագրով նիստի ընթացքում քննարկվել են սահմանամերձ շրջանների մշակութային բազմազանության, լեզվի, երաժշտության և այլ հարցեր:
Իսկ տնտեսագետ-ակադեմիկոս Ասաֆ Սավաշ Աքաթի ղեկավարած` «Սահմանները հաղթահարողները» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել են, թե ինչ են խոստանում Հայաստան-Թուրքիա քաղաքացիական հասարակության երկխոսությունն ու ազգային դիվանագիտությունը: