կարևոր
2719 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-10 12:31
Քաղաքական

Այսօր դեռ կան հնարավորություններ Արցախի հարցը բանակցությունների առարկա դարձնելու համար

«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ այն հիմնական սխալները, որոնք ի վերջո հանգեցրեցին Արցախի կորստյան:

Արմեն Ռուստամյանն ի մասնավորի ընդգծել է Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով տասնյակ տարիներ տևած բանակցությունների նշանակությունը: «Այդ բանակցությունները տեղի էին ունենում չնայած այն հանգամանքին, որ կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խիստ տարբեր էին: Դա կայունություն ստեղծող հարթակ էր, հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն, որ դադարեց գոյություն ունենալ ՀՀ իշխանությունների անխոհեմ պահվածքի` քննարկումները Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների հարթակ տեղափոխելու որոշումով: Դրա արդյունքում մենք կորցրեցինք բանակցային գործընթացում մեր բոլոր առավելությունները»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Նա խոսել է նաև Արցախի հետագա ճակատագրի մասին` նշելով որ ոչ մի պարագայում չի կարելի Արցախը վերջնականապես կորսված համարել: «Այսօր դեռ կան հնարավորություններ Արցախի հարցը բանակցությունների առարկա դարձնելու համար: Այնտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն` էթնիկ զտումների, մարդու իրավունքների ոտնահարման, շրջափակման ու մի ողջ ժողովրդի հումանիտար աղետների հասցնելու տեսքով: Սրանք իրողություններ են, որոնք ճանաչվել են միջազգային մի շարք կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ այդ կազմակերպությունների ճնշման արդյունքում հասնենք Արցախի ժողովրդի վերադարձին իրենց հայրենի օջախներ, նրանց իրավունքների լիակատար պաշտպանությանն ու կորուստների փոխհատուցմանը»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչն անդրադարձել է նաև մի շարք ներքաղաքական հարցերի:

Մանրամասները` տեսանյութում