Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նավթի համաշխարհային գնի նվազումը մտահոգվելու տեղիք է տալիս համաշխարհային տնտեսության խոշոր խաղացողներին, որոնք արդեն շատ ամուր ձգել են ամրագոտիները և, շունչը պահած, սպասում են համաշխարհային հերթական ճգնաժամին:
Դեռևս հունիսին, կարծես, ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով: «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելն արժեր 115 դոլար, իսկ ահա այսօրվա տվյալով` նավթի 1 բարելի գինը տատանվում է մոտավորապես 75 դոլարի սահմանում: Նավթի գնի կտրուկ նվազումը առաջին հերթին, իհարկե, բացատրվում է առաջարկի և պահանջարկի բալանսի խախտմամբ, ինչպես նաև առաջ է քաշվում աշխարհի առաջատար կայսրությունների միջև ներքին պայմանավորվածությունների տարբերակը:
Բոլորին է հայտնի, որ նավթի շուկայի պատմության մեջ գրվում է նոր գլուխ, և ՕՊԵԿ անդամների՝ նոյեմբերի 27-ին կայանալիք հանդիպման գլխավոր թեման հենց նավթի արդյունահանումն է լինելու: Շատերն այսօր կասկածում են, որ ՕՊԵԿ անդամները նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելու որոշում կկայացնեն: Առանց այն էլ արդեն 6 ամիս է, ինչ ՕՊԵԿ-ը խախտում է օրական արդյունահանվող նավթի շեմը 600.000 բարելով, իսկ փաստն այն է, որ համաշխարհային տնտեսությունը դրա կարիքն այլևս չունի:
Նավթի գինը 4 ամսում նվազել է ավելի քան 30 տոկոսով, և այս նավթային շոկի տակից առաջին հերթին կարող է դուրս չգալ հենց Ռուսաստանը, որը կրակն է ընկել նաև եվրոպական սահմանափակումների ձեռքը: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կանխատեսել է, որ նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել անգամ 50 դոլարի: Ճիշտ կանխատեսել նավթի գինն ամերիկացիներին չի հաջողվում, քանի որ դրան խանգարում են քաղաքական կոնֆլիկտները Իրանում և Լիբիայում:
Ռուսաստանն անմիջապես արձագանքել է ամերիկացիների այս կանխատեսմանը և կատարել է իր հաշվարկները: Ռուսաստանի Կենտրոնական բանկի գնահատականներով` եթե նավթի 1 բարելի գինն իջնի 60 դոլարից, ապա Ռուսաստանի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի (անկում) մեջ, այսինքն` Ռուսաստանի տնտեսության աճի տեմպը, ամենայն հավանականությամբ, բացասական կլինի: ՌԴ էկոնոմիկայի նախարարության գնահատականով` Ռուսաստանի տնտեսությունը 2014-ի առաջին 10 ամիսներին աճել է ընդամենը 0.8 տոկոսով: 2014-ի համար ընդհանուր կանխատեսվում է 0.5 տոկոս աճ: Իսկ ահա Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2014-ին կազմելու է ընդամենը 0.2 տոկոս:
Չնայած այս տխուր թվերին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում խնդրել Եվրոպային՝ վերացնել բոլոր պատժամիջոցները: Այն, որ ռուսների համար կրկնակի դժվար է, փաստ է, և այս պարագայում Լավրովի՝ ինչ-որ առումով անտեղի հպարտությունը կարող է այնպիսի վիճակի մեջ գցել Ռուսաստանի տնտեսությունը, որի մեջ այն դեռևս չի հայտնվել, քանի որ, նավթի գների նվազմանը զուգահեռ, Ռուսաստանում կտրուկ արժեզրկվում է նաև ռուբլին: Ինքներդ դատեք՝ այսօր մեկ դոլարն արդեն արժե 47-48 ռուբլի, մինչդեռ 28-29 ռուբլի էր: Այսինքն` նավթի գնի 30 տոկոս նվազումն ու ռուբլու 50 տոկոսով արժեզրկումը դժոխային պայմաններ են խոստանում Ռուսաստանին դեպքերի նման սցենարի շարունակության պարագայում:
Մեր փոքրիկ երկիրը, ճիշտ է, համաշխարհային տնտեսության ակնթարթային իրադարձությունների անմիջական մասնակիցը չէ, բայց մենք էլ մեր կաշվի վրա զգում ենք միջազգային տնտեսական իրադարձությունների դառը հետևանքները: Մեզ մոտ արդեն ակնհայտորեն նկատվում է տրանսֆերտների աճի տեմպի կտրուկ դանդաղում: Այն, որ ռուսները վճռական են տրամադրված և մեզ էլ իրենց հետ կարող են տանել դեպի անդունդը, փաստում է Պուտինի հայտարարությունը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ տնտեսությանն աջակցելու նպատակով իրենք պետք է օգտագործեն Ազգային բարեկեցության հիմնադրամի պահուստները: Սա նշանակում է, որ Ռուսաստանը բացեիբաց հայտարարում է, որ այս տնտեսական պատերազմում հաղթելու համար իրենք կծախսեն իրենց վերջին լուման, բայց գլուխները չեն կախի եվրոպացիների առջեւ:
Իսկ թե երկու հակադիր բևեռներից ո՞րն ավելի համառ կգտնվի, ցույց կտա միայն ժամանակը, իսկ մինչ այդ բոլոր խոշոր միջազգային կազմակերպությունները միաբերան հայտարարում են, որ համաշխարհային հերթական ճգնաժամի մեկնարկը տրված է:
Գևորգ Խաչատրյան