կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 14:15
Հասարակություն

«Կորյուն» ռազմամարզական խաղերի մեկնարկը տրված է

 «Կորյուն» ռազմամարզական խաղերի մեկնարկը տրված է

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի բարելավման և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման  նպատակով ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կազմակերպում և անցկացնում է «Կորյուն» ռազմամարզական խաղերը: «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցում»  օրերս տեղի է ունեցել «Կորյուն»  ռազմամարզական խաղերի առաջին փուլի բացման և դպրոցի նորաթուխ սաների երդման արարողությանը նվիրված միջոցառումները, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներ Լևոն Մկրտչյանը և  Վիգեն Սարգսյանը:

«Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Թովմասյանը, անդրադառնալով «Կորյուն»  ռազմամարզական  խաղերին, մասնավորապես, նշել է. ««Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների  դաստիարակմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նրանց մեջ արիության, խիզախության, տոկունության, ընկերական համերաշխության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության  և  «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամրապնդմանը: Այսօր, դուք ականատես  դարձաք  Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցում սովորողների  երդման արարողությանը: Այն դպրոցականների համար ոչ միայն արարողակարգ է, այլ նաև ապագայի հանդեպ հավատքի և անհատի խոստում առ հայրենիք»:
Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո «Կորյունականները» սկսել են «Կարգապահ և ներդաշնակ» ու «Արագ և դիպուկ» մրցաձևերում իրենց մրցապայքարը:

Նշենք, որ «Կորյուն» ռազմամարզական խաղերն անցկացվում են չորս փուլով` ուսումնական հաստատությունում անցկացվող, տարածքային, մարզային և  հանրապետական: