կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 15:58
Քաղաքական

Ծառուկյանը պատրաստվում է ընտրությունների` «քարոզարշավի» մեկնարկը տրված է

Ծառուկյանը պատրաստվում է ընտրությունների` «քարոզարշավի» մեկնարկը տրված է

Այսօր, ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովում ելույթ ունենալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է, որ «անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել է շատերի համար նախընտրելի գործելաոճ»: Դիմելով ներկաներին՝ նա կոչ է արել «չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում»:


Պարզվում է՝ Ծառուկյանը եկել է այն եզրահանգման, որ մարդկանց համբերության բաժակն, իրոք, լցվել է, եւ որ «ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին»:


«Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուրհազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք»,- հայտարարել է ԲՀԿ ղեկավարը եւ տեղեկացրել, որ առաջիկայում հանրահավաքներ են լինելու մարզերում ու «համապետական հզոր հանրահավաք»՝ Երևանում:


Ծառուկյանն ասել է նաեւ, որ «ստիպելու են գործող իշխանություններին` հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից»: «Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն»,- հավելել է նա:

 

Ծառուկյանը դիմել է իշխանություններին` հորդորելով մտածել եւ հետեւություններ անել: «Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ… Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը` մերժելով առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը»,- ասել է նա:

 

ԲՀԿ ղեկավարը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել կառավարման մոդելի փոփոխությանը: Ասել է, որ կարևորում է ընտրական օրենսգրքում փոփոխությունները: «Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլո՛ր ընտրություններին: Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»,- նշել է նա եւ եզրափակել, որ, ֆուտբոլային լեզվով ասած, գնդակը գտնվում է իշխանության դաշտում, «բայց քայլերի ժամանակն անսահման չէ»: