կարևոր
4591 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 10:15
Իրավական

Առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. մեկնարկը տրված է. «Ժողովուրդ»

Առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. մեկնարկը տրված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:

Երեկ ԱԱԾ-ն մտավ դատարան եւ մինչդատական վարույթում գտնվող մի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալեց: Իսկ ինչո՞ւ հենց այս դատավորին եւ փաստաբանին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին 22-ին ձերբակալվեց քրեական աստիճանակարգով ամենաբարձր կոչում ունեցող, «օրենքով գող» Լեննականցի Սուրո մականունով Սուրեն Ավետիսյանը, եւ հիմա իրավապահները այս գործով դատավորի, փաստաբանի, քննիչի գործողություններում կասկածներ են ունեցել, ինչի համար հոկտեբերի 14-ին հենց Քննչական կոմիտեի իր սենյակում ձերբակալվեց Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վլադիմիր Ասատրյանը, իսկ երեկ էլ՝ դատավոր եւ փաստաբան Ալեքսանյանները:

Իհարկե, մինչդատական վարույթում գտնվող գործերի նկատմամբ նորանշանակ դատախազի ուշադրությունը հատկանշական է, սակայն պետք է նկատի ունենալ, որ, դատավորներին, փաստաբաններին ու քննիչներին ձերբակալելուն զուգահեռ, անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաեւ հենց դատախազների գործողությունները: Ոլորտի մասնագետները գիտեն, թե դատախազ-քննիչ-դատավոր եռյակի համագործակցության ինչպիսի դեպքեր կան, եւ որքան հիշարժան են դրանք:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում եւս աղմկահարույց ձերբակալություներ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում