Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ե՞ս պետք է համաձայնեցնեմ` որ իրը որտեղ տեղադրեմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն Լևոն Իգիթյաը` անդրադառնալով օրերս «Կերպարվեստ» ստորաբաժանման սրահում կահույքագործական հաստոցներ տեղադրելու փաստին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն աշխատանքից ազատել էր «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Համբարձումյանից պահանջել էին տարածքն ազատել` սենյակը վերանորոգելու համար, և սրահ էին բերվել կահույքագործական հաստոցներ, որոնք, Համբարձումյանի հավաստմամբ, մեկ նպատակի են ծառայելու` արվեստանոցն Իգիթյանն ուզում է փայտի մշակման արհեստանոց դարձնել:
Իգիթյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Համբարձումյանին ասել են` տարածքն ազատի, որպեսզի վերանորոգման աշխատանքները սկսվեն, սակայն նա հրաժարվել է պահանջը կատարել:
«Դա իր արվեստանոցը չի, դա պետական տարածք է, և Լևոն Իգիթյանն է որոշում` ով որտեղ դասավանդի: Իսկ այդ տարածքը ոնց որ ախոռ լինի: Չի կարելի, որ երեխան ախոռում արվեստ պարապի: Ավելին` երբ մանկավարժը 3-4 աշակերտ ունի, իրավունք չունի դասարան պահելու: Մենք աչք էինք փակում սրա վրա, բայց հետո, երբ Համբարձումյանը սկսեց այլ թերություններ նույնպես գործել, աշխատանքից ազատման հրաման ստորագրեցի»,- ասաց Իգիթյանը` հավելելով, որ հրամանում նշված է` աշխատանքից ազատվում է բազմաթիվ խախտումներ անելու հետևանքով:
Խախտումներից մեկն էլ, ըստ Իգիթյանի, այն է, որ Համբարձումյանը սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 10-ն աշխատանքի չի ներկայացել: Նա տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարությունից նույնպես կենտրոնում ստուգումներ են անցկացվել, որոնց արդյունքը գոհացնող չի եղել:
«Ինձ նախարարությունից զանգել, ասում են` եթե արվեստանոց է` էդ ի՞նչ գինու շշեր են դրված սենյակում: Լավ, ասենք` որպես նատյուրմորտ են դրանք ծառայել, բա ինչո՞ւ են կիսադատարկ եղել: Սա դեռ ոչինչ, այնտեղ նաև թախտ է եղել, իսկ թե արվեստանոցում թախտն ում և ինչի համար է պետք եկել, չգիտեմ», -ասաց Իգիթյանը:
Ինչ վերաբերում է տարածքում փայտի մշակման արհեստանոց ստեղծելուն, Իգիթյանը նշեց, որ երեխաները նստում են աթոռների, որոնք շատ հին են, և վատ չէր լինի` իրենք իրենց արհեստանոցը ունենային, որի միջոցով էլ կփորձեին իրենց հոգսերը հոգալ:
Ի դեպ, կենտրոնի իրավաբան Մելիք Սողոմոնյանն էլ տեղեկացրեց, թե այն հարցը, որ մինչ օրս Համբարձումյանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ինքն ազատվել է աշխատանքից, շարունակում է դասեր անցկացնել, իրենք պատրաստվում են լուծել իրավական ճանապարհով: