|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ` բեմում կլինի միաժամանակ 4 դաշնակահար: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, համերգի կազմակերպիչ ու մասնակից Վահան Մարտիրոսյանը նշեց, որ միաժամանակ 4 դաշնամուրով հանդես գալու գաղափարը ծագել է Ժնևի «Վիկտորիա Հոլլ»-ում կայացած համերգից հետո, որտեղ Բախի դաշնամուրային կոնցերտով ինքը հանդես է եկել երեք շվեյցարացի դաշնակահարների հետ:
«Ժնևում նվագում էինք Բախի` 4 դաշնամուրի համար գրած կոնցերտը: 4 դաշնամուրի համար գրված գործերը, ցավոք, քիչ են, և ստիպված ենք լինելու Բախի նույն կոնցերտը ներկայացնել հայաստանյան համերգին, որն, ի դեպ, կլինի հայաստանյան պրեմիերա: Դաշնակահարներից մեկը ես եմ լինելու, մյուսը` ՀՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ինչպես նաև երկու դաշնակահար Ֆրանսիայից` Տրիստան Պֆաֆֆն ու Օլիվիե Պեյրբրյունը»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` չորս դաշնակահարով ու նման երգացանկով համերգ Հայաստանում վաղուց չի եղել և դեռ երկար ժամանակ չի լինի:
«Դժվար էր նաև դահլիճ գտնել, որը չորս դաշնամուր ունենա: Մեր դահլիճում այն իրականացնել ուղղակի անհնար էր, դրա համար էլ որոշեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգն անցկացնել»,- ասաց Մարտիրոսյանը:
Համերգին կմասնակցի նաև կամերային նվագախումբը: