| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած «Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթին մասնակցած մեր հայրենակից, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի: 
 «Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթը նվիրված էր Նիսի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Սիմոն Դելբեր-Ֆևրիեի հիշատակին:
 Մրցույթը համախմբում էր տարբեր երկրների և դպրոցների` շուրջ 30 երաժիշտ-կատարողների: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ` Ֆրանսիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից: 
 Հայ պատվիրակը մրցույթում ներկայացրել է բազմաժանր ծրագիր: Ժյուրիի առաջարկով, եզրափակիչ համերգին կատարել է նաև Արամ Խաչատրանի «Տոկատը»:
 Նշենք, որ Արմեն-Լևոն Մանասերյանն ավարտել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ` ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսորներ` Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)՝ համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 
 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երիտասարդ դաշնակահարը մասնակցել է արտերկրում կայացած մի շարք հեղինակավոր նախագծերի, այդ թվում` 2012 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ մասնակից երկրների 7-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» արժանացել է բրոնզե մեդալի: 2014 թվականին մասնակցել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած «Մոցարտեում ամառային ակադեմիայի» վարպետության դասերին և այլն: