կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 21:39
Հասարակություն

Ադրբեջանական ապատեղեկատվություն. կեղծ լուսանկար եւ տեսանյութ են տարածում

Ադրբեջանական ապատեղեկատվություն. կեղծ լուսանկար եւ տեսանյութ են տարածում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 13.45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի մյուս երկու անդամներն են եղել լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։

 

Տեղեկացրել էինք նաեւ, որ ինտենսիվ կրակահերթի պատճառով դեռեւս չի հաջողվում զոհերին դուրս բերել չեզոք գոտուց: Իրավիճակը դեռ չի հանդարտվում: Ադրբեջանական զինված ուժերը կրակահերթի տակ են պահում այդ տարածքը, որտեղ ենթադրվում է, որ իրենց կողմից խոցված հայկական ուղղաթիռը պետք է ընկած լինի (այս մասին tert.am-ին 21:20-ի դրությամբ ասել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը):

 

Սեփական «հերոսությունից» գլուխները կորցրած ադրբեջանական կայքերը ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացնում են որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար, նաեւ տեսանյութ են տարածում:

 

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս կապակցությամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը կոչ է արել չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու չտարածել Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի կեղծ լուսանկարը: «Ադրբեջանական լրատվամիջոցները Ղարաբաղում կործանված ուղղաթիռի վերաբերյալ կեղծ լուսանկար են տարածում: Դա ուկրաինական պատերազմից է, մի տարածեք այն»,- գրել է նա:

 

Ներքոհիշյալ տեսանյութում երեւացող օբյեկտն էլ, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է իբրեւ է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռ, իրականում ՄԻ-8 է: