կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 17:38
Տարածաշրջան

Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը

Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը

Օրերս թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել՝ պնդելով, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մեր կառավարության համար դժվար է 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումներն ընդունելը»,  և որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հարկավոր են հիմնավոր ապացույցներ:

Շվեդ նախարարի վերոնշյալ հայտարարության հավաստիությունը պարզելու համար Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել Շվեդիայի արտգործնախարարություն, ինչին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելը հայտնել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել, և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելը նաև ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս նա մասնավորապես ասել է. «Այն հարցը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում է միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ դիմել էր փորձագետի՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով: Փորձագետն էլ իր զեկույցում նշել է` քանի որ հարցը շատ բարդ է, ուստի կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային այդ բռնությունները ցեղասպանություն չանվանել»:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր դեռևս 2010 թվականին: Ի տարբերություն օրենսդիր մարմնի, Շվեդիայի ԱԳ նախարարը թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կարող կատարվածը ցեղասպանություն որակել: