Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը շուտով դրվելու է քննարկման Ազգային ժողովում, որին հետևելու է քվեարկությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հստակ դիրքորոշմամբ դեմ է քվեարկելու, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի բացառել կողմ քվեարկելու հնարավորությունը: Նրա այդ հայտարարությունը նրա կուսակից Զարուհի Փոստանջյանը մեկնաբանել է որպես մոլորություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` զրուցե՞լ է, արդյոք, Ռուբեն Հակոբյանի հետ, և ինչպես՞ է նա ընդունել «մոլորության մասին» հայտարարությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չէ, ես նրա հետ չեմ խոսել, բայց ոչ միայն այն մարդիկ, ովքեր այս պահին մոլորված են, այլև ԱԺ-ում մոլորությունը պետք է տեղ չունենա, և այն անձինք, ովքեր կողմ կքվեարկեն ԵՏՄ-ին Հայաստանի բռնակցմանը, նրանք պետք է համարվեն պետական դավաճաններ, որովհետև դա այլ կերպ, քան դավաճանություն, չի կարելի անվանել»:
Պատգամավորի համոզմամբ` Հայաստանին բռնակցում են անկումային տնտեսություն ունեցող ավտորիտար ռեժիմներին:
Հարցին` արդյո՞ք նման կարևոր հարցում տարակարծությունների վերաբերյալ խնդիրը բարձրացրել են «Ժառանգություն» խմբակցության ներսում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ շուտով գումարելու են վարչության նիստ, որտեղ էլ պետք է անդրադառնան այդ հարցերին:
Yerkir.am-ի այն հարցին` հնարավո՞ր է, որ իր քաղաքական հետագա գործունեության ճանապարհին ինչ-որ բան ստիպի դուրս գալ «Ժառանգություն» կուսակցությունից, պատգամավորը պատասխանեց. «Ես կարող եմ ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից, բայց որտեղ որ ես գնում եմ, ես այնտեղից դուրս չեմ գալիս: Իսկ եթե կան մարդիկ, որոնք ինձ դուր չեն գալիս, ես ինքս եմ մաքրում իմ միջավայրից»: