կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 17:01
Քաղաքական

Ոչ թե անգրագետ նախագիծ եմ ներկայացրել, այլ տեխնիկական վրիպումներ կան. Զարուհի Փոստանջյան

Ոչ թե անգրագետ նախագիծ եմ ներկայացրել, այլ տեխնիկական վրիպումներ կան. Զարուհի Փոստանջյան

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակված` մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը:

Փոստանջյանը խորհրդարան էր հրավիրել նաև զոհված զինծառայողների ծնողներին, ինչը վիճաբանության առիթ դարձավ: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ նախապես պետք էր տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, այլ ոչ թե անցագիր տալուց հետո միայն տեղեկացնել:

Հանձնաժողովի անդամ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ նախագծում մի շարք թերություններ կան, օրինակ այն, որ զոհված զինծառայողի մասին չի կարելի գրել «մահացած»: Նրա համար խնդրահարույց էր նաև այն, որ Փոստանջյանը նախագծում նշել էր, որ նախաքննությունը չի կարող թափանցիկ լինել: «Ձևակերպումները պետք է հստակ լինեն»,- ասաց Ջհանգիրյանը:

Հանձնաժողովը, ի վերջո, որոշեց մեկ տարով հետաձգել նախագծի քննարկումը: Փոստանջյանը համաձայնեց՝ նշելով, որ զոհված զինծառայողների մայրերն այսքան սպասել են, մի քանի շաբաթ սպասելն էլ խնդիր չի լինի:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մանրամասնեց, որ հարցը մինչև մեկ շաբաթ հետաձգվեց, քանի որ նախագծում տեղ գտած ձևակերպումները որևէ կապ չունեն ժամանակավոր հանձնաժողովի գաղափարի հետ:

Փոստանջյանը հստակեցրեց, որ տեխնիկական վրիպումներ կան նախագծում, բայց ինքն անգրագետ ձևակերպումներով նախագիծ չի ներկայացրել:

Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց. «Պատգամավոր կա, որ ամեն նստաշրջանում «տեխնիկական» խնդիրներով նախագծեր են ներկայացնում, որոնք հետաձգվում են»: