կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 13:24
Քաղաքական

ԲՀԿ-ն կփրկվի, եթե «վիրահատական» մեթոդով կտրի իր կապը իշխանություններից. Զարուհի Փոստանջյան

ԲՀԿ-ն  կփրկվի, եթե «վիրահատական» մեթոդով կտրի իր կապը իշխանություններից. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է` Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ չէ, ուստի նա չուներ այդքան լիազորություններ, որ գնար Մինսկ և ստորագրեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը: Նա դատապարտում է այդ անդամակցությունը և հայտարարում. «Այդ անդամակցումը ոչ թե անշրջելի փաստ է, այլ ժամանակավոր երևույթ, որի մեջ մեզ գցել է Սերժ Սարգսյանը, ինչպես մյուս ավանտյուրային ստորագրությունները` Մադրիդյան սկզբունքներն ու հայ-թուրքական արձանագրությունները»:


Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, պատգամավորը կարծիք հայտնեց, թե «ողջունելի է, որ հանրահավաքը գոնե կայացավ»: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի պես կարծում է, որ եռյակի հարթակը միասնական օրակարգ չուներ, և հույս է հայտնում, որ գոնե հոկտեմբերի 24-ի հանրահավաքը կունենա միասնական օրակարգ և գործողությունների պլան:

 

Զարուհի Փոստանջյանն անձամբ մշակել է միացյալ հարթակի օրակարգ ու դրա իրականացման ուղիները և հույս ունի, որ եռյակը արժանի քննարկման կդնի իր ներկայացրած առաջարկները:

 

Հարցին` արդյո՞ք ԲՀԿ-ն կքննարկի իր առաջարկները, եթե այդ քաղաքական ուժը չի հայտարարել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին, պատգամավորը պատասխանեց, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արդեն հայտարարել են իշխանափոխության անհրաժեշտության մասին, իսկ իշխանափոխությունը ենթադրում է օրակարգ և հստակ քայլեր: Քայլերից մեկն էլ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացն է, որը պետք է սկսվի Ազգային ժողովում:

 

«Հարթակում կմնան այն ուժերը, որոնք կսկսեն այդ գործընթացը»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Եթե եռյակն իրապես իր մտադրություններում ազնիվ ու արդար է, ապա այս բոլոր գործողությունները պետք է սպասարկի: Եթե նրա մտադրություններն ազնիվ չեն, ուրեմն եռյակը պետք է հետ կանգնի: Իմ նշած կետերից է կախված` կարո՞ղ է տեղի ունենալ  իշխանափոխություն, թե՞ ոչ»:

 

Այսինքն` Զարուհի Փոստանջյանի կարծիքով` եթե ԲՀԿ-ն շարժվի պատգամավորի մատնանշած սցենարով, միայն այդ դեպքում կարելի կլինի ասել, որ ԲՀԿ-ն «վիրահատական» մեթոդով իր կապը կտրում է իշխանություններից ու փրկվում, հակառակ դեպքում` ԲՀԿ-ն էլ կկործանվի:


Հարցին` եթե եռյակը հաշվի չառնի իր «Միացյալ հարթակի օրակարգ»-ը, ապա ինքը կմասնակցի՞ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, Փոստանջյանը պատասխանեց. «Ես հարթակի խնդիր չունեմ, ես լինում եմ այնտեղ, որտեղ ինձ են հաշվետու լինում, իսկ հաշվետվությունը միասնական օրակարգով հանդես գալը կլինի: Տեսնենք»:


Եռյակի օրակարգում դեռևս չկա միասնական թեկնածուի հարց, դրված է իշխանափոխության հարցը: Ըստ Զարուհի Փոստանջյանի` նախագահի միակ մրցունակ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինքը` պատգամավորը, մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: