կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-12 15:28
Տնտեսական

Կֆիքսվեն միջավայրից թելադրվող տանիքների գույները և ճակատների ոճային լուծումները

Կֆիքսվեն միջավայրից թելադրվող տանիքների գույները և ճակատների ոճային լուծումները

Այսօր կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վարչապետի կողմից տրված` տանիքների գունային լուծումների վերաբերյալ հանձնարականի մասին որոշման նախագիծ ներկայացրեց:

Նա նշեց, որ մի քիչ ավելի ընդլայնված են մոտեցել այս հարցին և ոչ միայն կտուրների գունային լուծումների վերաբերյալ, այլև, առհասարակ, միջավայրից թելադրվող ճակատների ոճային, դեկորային լուծումների վեաբերյալ առաջարկ են ներկայացրել:

«Այս քայլից հետո տեղական ինքնակառավարման համայնքները կտան իրենց առաջարկները: Մինչև տարեվերջ քաղաքաշինական հատուկ կարգավորման բոլոր տարածքներում, հայտնի քաղաքներում և մայրուղային հարակից գյուղերում մենք կհաստատենք երաշխավորված գունային լուծումների ռեեստրը, տարբերակները կտանք: Մի քիչ զգույշ ենք լինելու պարտադիր գույները ֆիքսելիս,  ա կանենք մոտակա երկու ամիսների ընթացքում, որովհետև ցանկանում ենք ուսումնասիրել շուկան և հանկարծ տնտեսվարողների արտադրանքի գույների հետ կապված մենք թելադրող իրավիճակում չհայտնվենք, բայց մինչև տարեվերջ մենք այս խնդիրը կփակենք»,- ասաց նա:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է պարտադիր ֆիքսեն միջավայրից թելադրվող կտուրների գույները և ճակատների ոճային լուծումները:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարո'ն Սարգսյան, մենք այդ խաղի կանոնները ձևակերպելու ժամանակ հաշվի ենք առնում, չէ՞, որ մենք ներդրողին, շինարարին չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում վարչարարության ավելի առիթ չտանք»:

 Վարչապետը կոչ արեց հատուկ դրան ուշադրություն դարձնել, որ դա ինքնարժեքի թանկացման չհանգեցնի, ազատության աստիճանը չսահմանափակի: