կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 16:06
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ գան, խուզարկեն ինձ. Զարուհի Փոստանջյան

Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ գան, խուզարկեն ինձ. Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ առաջարկում են օրենքում լրացումներ կատարել, որոնք վերաբերում են կարգազանց պատգամավորներին:

 

Կարգազանցություն համարելով մեկը մյուսի փոխարեն քվեարկելը`  նա ասաց, որ այդտեղ կա հանցակազմ և բերեց օրինակներ` արտակարգ դրության մասին օրենքի քվեարկության ժամանակ եղել է կեղծիք, գազի պայմանագրի հետ կապված օրենքը չէր անցել, բայց հայտարարվեց, որ օրենքն անցել է, որովհետև եղել է մեկը մյուսի փոխարեն քվեարկություն:

 

«Եթե մեկ-երկու անգամ այս ամենին քրեական գնահատական տրվի, ապա պատգամավորի համար դա դաս կլինի ու իրեն հետագայում ավելի ճիշտ կպահի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Կարգազանց պետք է բոլորը լինեն, ոչ թե ով ավելի շատ աղմկում է, նա հիմա օրենք է մշակում»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ուրիշի փոխարեն քվեարկելը երբեմն քողարկված է լինում, դա դժվար է հայտնաբերել, ուստի ինչպե՞ս դա պետք է ապացուցվի: «Եթե ես աղմկում եմ, կարգազա՞նց եմ ու քրեորեն հետապնդելի արա՞րք եմ թույլ տալիս: Իսկ քվեարկության քարտերը հանիրավի հավաքելը հանցագործությո՞ւն է, թե՞ կարգազանցություն»,- հարցրեց նա:

 

Զարուհի Փոստանջյանը չպատասխանեց հարցին` խոսելով օրենքի մասին: Իսկ Էդուարդ Շարմազանովը խնդրեց նրան պատասխանել` քարտեր գողանալը կարգազանցությո՞ւն է թե՞ հանցագործություն:

 

«Պարո'ն Շարմազանով, եթե իմ արածը լիներ քրեորեն պատժելի արարք, ապա Հովիկ Աբրահամյանը կզանգեր իրավաբաններին` ստանալու համար խորհրդատվություն: Նա նույնիսկ պնդել է, որ գան, փորձեն խուզարկել ինձ: Եթե դա լիներ քրեորեն հետապնդելի արարք, ապա դուք բռնի ուժով կտանեիք այդ քարտերը: Եթե լիներ հանցակազմ, ապա ընթացք կտրվեր դրան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը կրկին հարցրեց, թե ապօրինաբար քարտերը վերցնելը ու կարգը խախտելը կարգազանցությո՞ւն է, թե՞ հանցագործություն: «Ես կարծում եմ, որ դա հանցագործություն է, որ, առանց պատգամավորին հարցնելու, վերցրել եք նրա քարտը: Ի՞նչ կապ ունի` ով ում է զանգել»,- ասաց նա:

 

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ համապատասխան հայտարարությամբ դիմեք իրավապահ մարմիններին, եթե այդպես եք կարծում»:

 

Սուքիաս Ավետիսյանն էլ արձագանքեց. «Դուք խորհուրդ Ձեր տանը տվեք, Դուք` որպես իրավաբան, պետք է ներողություն խնդրեիք այդ արարքի համար»:

 

«Ներողություն խնդրելու կարիքը չունեմ, եթե նման իրավիճակում լինի այս խորհրդարանը, ես նույն բանը կկրկնեմ: Դուք պետք է ներողություն խնդրեք, որ ժողովուրդն այս վիճակում է, և որ ժողովրդի համար գազը թանկացրեցիք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: