կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 16:50
Տնտեսական

«Քարֆուր»-ը գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերելու հայ արտադրողներից

«Քարֆուր»-ը գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերելու հայ արտադրողներից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լորեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

 

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե' տեղական արտադրողների և թե' սպառողների համար:

 

«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:

 

Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին: Նրա խոսքով` «Քարֆուր» առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:

 

Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:

 

Քրիստիան դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում:

 

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ: