Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երևան Մոլ»-ի տարածքում արդեն գործում է համաշխարհային ճանաչում ունեցող «Քարֆուր» սուպերմարկետը: Դրա շուրջ հյուսված պատմությունները բնակիչների համար ոգևորիչ էին, իսկ տեղի գործարարների համար` մտահոգիչ: Շատերն ակնկալում էին, որ «Քարֆուր»-ի մուտքով Հայաստանում առևտրի և, ընդհանրապես, բիզնես ոլորտում ստեղծվելու է նոր դարաշրջան` առողջ մրցակցություն, սպառողական ապրանքների կտրուկ նվազում: Ահա այն հույսերը, որը կապվում էին ֆրանսիական գիգանտի հետ: Մոնոպոլացված մեր տնտեսությունում «Քարֆուր»-ը դիտարկվում էր որպես փրկիչ:
Նախքան «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան վիճակը մոտավորապես այսպիսին էր` ցածր և միջին խավի համար գործում էր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, իսկ միջինից բարձր խավի համար` ՍԱՍ սուպերմարկետների ցանցը: Այս առևտրի կենտրոններում վաճառվող` առաջին անհրաժեշտության ապրանքների գները փորձագետները և հասարակ բնակչությունը համարում էին ուռճացված, և «Քարֆուր»-ի գալով` նախատեսվում էր, որ նույն ապրանքների` շաքարավազի, կարագի, ձեթի գները կտրուկ կնվազեն, և մենք կսկսենք սնվել նորմալ գներով, և մի բան էլ կմնա, որպեսզի հագուստ գնենք:
Անկասկած, նման խոշոր ընկերության ներկայությունը Հայաստանում ոգևորիչ է, թեկուզ այն պատճառով, որ այս ոլորտում մենք նման մակարդակի ներկայացվածություն չունեինք: «Քարֆուր»-ը բացվեց, և բոլորի հայացքներն առաջին հերթին ուղղված էին ոչ թե հիպերմարկետի անասելի մեծ տարածքին, ապրանքների գլխապտույտ տեսականուն և կոկիկ հագնված անձնակազմին, այլ այդ ապրանքների գներին:
Եվ այստեղ է, որ ապրում ես ամենամեծ հիասթափությունը, և մտքումդ միայն մի հարց է ծագում` սրա համար էի՞ք այսքան գլուխ ջարդում: Նույն սպառողական ապրանքները` շաքարավազ, հաց, կաթնամթերք, ոգելից խմիչքներ, լվացքի պարագաներ, եթե չասենք` նույն գնով են վաճառվում, ապա հաստատ հանրապետությունում գործող գներից ցածր չեն, բացառությամբ 1-2 տեսականու: Գնային տարբերությունն էլ առավելագույնը 30 դրամ է:
Հիմա հարց է առաջանում` ի՞նչ նոր բան է առաջարկելու «Քարֆուր»-ը մեր բնակչությանը, որպեսզի գրավի իր կողմը: Այս պարագայում կարելի է նշել մի քանի հանգամանքներ, թե ինչո՞ւ գոնե մոտական երկու տարում որևէ էական բան այս ոլորտում չի փոխվի:
«Քարֆուր»-ում վաճառվում է նույն հայկական արտադրանքը` գրեթե նույն գներով: Հիպերմարկետի գտնվելու վայրն այնպիսին է, որ շատ սպառողներ հաստատ 5 կգ շաքարավազի համար չեն այցելի հիպերմարկետ, թեև այնտեղ այն 15 դրամ էժան է: Միայն գնալ-գալու համար սպառողը պետք է ծախսի միջինը 1500 դրամ` տաքսու գումար: Հետևաբար, գները այնտեղ պետք է այնքան էժան լինեն, որ սպառողը որոշի կրել այդ անհարկի դժվարությունները:
Բոլոր ներկրված ապրանքների մասով «Քարֆուր»-ը որևէ արտոնություն չունի, հետևաբար, գնի նվազումը պետք է տեղի ունենա սեփական շահույթի նվազեցման հաշվին, բայց այս պահին, ինչպես երևում է, ֆրանսիական ընկերությունը չի ընտրել այդ ճանապարհը: Արտասահմանյան բրենդերի ներկայացվածության մասով, ճիշտ է, նորություն կա, բայց գների փոփոխություն չկա: Հետևաբար, սպառողների գերակշիռ մասի համար տարբերություն չկա` գնել X ընկերության, թե Y ընկերության արտադրած շոկոլադը:
Սպասվում էր նաև, որ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը գոնե բարձր կլինեն, բայց այստեղ էլ որևէ նոր բան չկա: Նույն 80 հազարից 120 հազար դրամ աշխատավարձերը պահպանվում են նաև այս հիպերմարկետում: «Քարֆուր»-ից խոստացել են, որ իրենց մոտ ապրանքները միշտ էժան են լինելու, և դա ժամանակի հարց է: Սակայն նման խոստումներ ժամանակին տալիս էր նաև կառավարությունը, սակայն... Հետևաբար, խոստման կատարմանը մնում է սպասել, մոտավոր հաշվարկներով, առնվազն 1 տարի, երբ ընկերությունը հասկանա, թե այստեղ ինչն ինչոց է: Հակառակ դեպքում` բնակչության ակնկալիքները հերթական անգամ իրականություն չեն դառնա, և մենք պետք սփոփենք մեզ միայն այն հանգամանքով, որ համաշխարհային բրենդ է ներկայացված Հայաստանում:
Բնական է, որ «Քարֆուր»-ը կունենա սպառողների իր ստվար զանգվածը, բայց չէ՞ որ խնդիրը դա չէր, և երբ անցնի սուպերմարկետի արտաքին տեսքից ստացած առաջին տպավորությունը, շատերը կհասկանան, որ գոնե այս պահի դրությամբ դա նույն «Երևան Սիթի»-ն է, բայց մի քանի անգամ մեծ տարածքով:
Գեւորգ Խաչատրյան