կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 16:44
Իրավական

«Էյր Արմենիա»-ն սնանկության հարցով կդիմի դատարան

«Էյր Արմենիա»-ն սնանկության հարցով կդիմի դատարան

«Հայկական ավիաուղիներ»-ից ու «Արմավիա»-ից հետո Հայաստանի երրորդ ազգային ավիափոխադրող «Էյր Արմենիան»,  կարծես, բռնել է նախորդների անցած ճանապարհը: «Էյր Արմենիա»-ն ժամանակավորապես դադարեցրել է չվերթերը՝ մինչև դեկտեմբերի 20-ը:

 

Ընկերության պաշտոնական հայտարարությունում նշված է, որ «Ռոսաերոնավիգացիայի» տարածած հայտարարությունից հետո, թե «Էյր-Արմենիան» պարտքեր ունի, և այդ պատճառով արգելվում են թռիչքները դեպի Ռուսաստան, ընկերությունը խոշոր վնասներ է կրել, և տոմսերի վաճառքի ծավալը նվազել է 60 տոկոսով: Իսկ ահա դրանից հետո  վաճառքի ծավալը նվազել է ևս 80 տոկոսով, երբ Հայաստանի լրատվամիջոցներում հրապարակվել էր «Էյր-Արմենիա»-ի սնանկացման վերաբերյալ նյութը:

 

Ըստ ընկերության տեղեկության` շատերը հետ են տվել անգամ գնված տոմսերը, իսկ մինչև դեկտեմբերի 20-ը ընկերությունը պետք է ֆինանսական համակարգի, մենեջմենթի վերափոխում իրականացնի և նոր մտնի շուկա:

 

Սակայն Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ ժամկետի այդ մատնանշումը, ըստ էության, ձևական բնույթ է կրում: Ընկերությունը գտնվում է ֆինանսական շատ լուրջ խնդիրների մեջ՝ գլխին հավաքելով մի քանի պարտատերերի: «Էյր Արմենիա»-ի տնօրինությունը նրանց ասել է, որ պարտքերը չի կարողանում տալ և որևէ բան չի կարող անել: Նույն աղբյուրի համաձայն` «Էյր-Արմենիա»-ն մոտ ժամանակներս պատրաստվում է դիմել դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու հարցով: Այդ մասին առավել ամբողջական հոդվածը՝ առաջիկայում: