կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 16:13
Առանց Կատեգորիա

Խոշոր ընկերությունների ֆինանսների հակասական պատկերը. ուշագրավ թվեր

Խոշոր ընկերությունների ֆինանսների հակասական պատկերը. ուշագրավ թվեր

Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը (նախկինում` ՊԵԿ) մոնիտորինգ է իրականացրել խոշոր հարկատուների շրջանում և հրապարակել առաջին 6 ամիսներին արձանագրված ցուցանիշները: Այս վերլուծությունը, սովորաբար, իրականացվում է նախարարի հրամանով խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված 514 ընկերությունների ամփոփ ցուցանիշների հիման վրա: Այդ կազմակերպությունների թվում են, օրինակ, «Գազպրոմ Արմենիան», Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը:

 

Խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների համեմատական վերլուծությունն իրականացվել է այդ կազմակերպությունների` 2013 և 2014 թվականի հիմնական տվյալների վրա: Ստացված արդյունքները, կարելի է ասել, հակասական են, և փաստաթղթից երևում է, որ, ընդհանուր առմամբ, խոշորների բիզնեսներում առկա են խնդիրներ: Այս վերլուծության բացասական կողմն այն է, որ պատկերացում կազմել առանձին կազմակերպությունների ֆինանսական վիճակի մասին հնարավոր չէ, բայց Հայաստանի ընդհանուր տնտեսության վիճակի մասին` հնարավոր է: Այսպես` 514 ընկերությունների իրացումից հասույթը 2014-ի առաջին կիսամյակում կազմել է 1 տրիլիոն 700 միլիոն դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10 տոկոսով: Ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն անգամ անզեն աչքով են երեւում: Խոշոր ընկերություններն առաջին կիսամյակում ներմուծել են 520 միլիարդի արտադրանք և արտահանել 220 միլիարդ դրամի: Այս ցուցանիշները, 2013-ի առաջին կիսամյակի համեմատ, նվազել են, համապատասխանաբար, 3 և 1 տոկոսներով:

 

Հիշեցնենք նաև, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` արտահանման և ներմուծման մասով, նույնպես տպավորիչ չեն, այսինքն` խոշոր ընկերությունների` արտահանման հետ ունեցած խնդիրն ազդել է նաև ընդհանուր տնտեսության արտահանման ծավալների վրա: Օրինակ` եթե մի քանի տարի առաջ արտահանումը մեզ մոտ աճում էր 3 կամ 4 տոկոսով, հիմա այն տատանվում է 1-2 տոկոսի միջակայքում:

 

Իսկ հիմա`  ամենահամեղ պատառը, որը վերաբերում է խոշոր ընկերությունների վճարած հարկերին: Այս տարի մինչև ամառ վճարած մաքսային վճարները կտրուկ անկում են ապրել՝ նվազելով մոտավորապես 27 տոկոսով: Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով` առաջին կիսամյակում վճարվել է 178 միլիարդ դրամի հարկ: Հետաքրքիր է, որ միայն երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարված հարկերի 51 տոկոսը բաժին է ընկնում հենց այս 514 խոշոր հարկատուներին: Պետական բյուջե վճարված հարկերից շահութահարկի մասով արձանագրվել է անկում՝ մոտավորապես 5 տոկոսով, իսկ ահա այլ հարկերը կրճատվել են 50 տոկոսով:

 

Ռեկորդային աճ է գրանցվել ակցիզային հարկի մասով: Այս ցուցանիշը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան կրկնապատկվել է:

 

Իսկ ահա աշխատողների մասով վճարված հարկերի արձանագրած աճը ոմանց կարող է շփոթության մեջ գցել: Առաջին կիսամյակում 500 խոշոր ընկերությունների վճարած եկամտային հարկը կազմել է 52 միլիարդ դրամ, այս ցուցանիշն էլ, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 32 տոկոսով: Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ սա զուտ աշխատողների թվի ավելացման հաշվին է: Ի դեպ, աշխատողների թիվն այս ընկերություններում ավելացել է 4 տոկոսով, ինչը, իհարկե, կարող է կապված լինել նաև չգրանցվածներին գրանցելու հետ:

 

Երկրորդ գործոնը մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացումն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` պետական և ոչ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձերը ավելացել են մոտավորապես 7 տոկոսով: Հետևաբար, որքան շատ աշխատավարձ, այնքան շատ եկամտային հարկ:

 

Վերջում, որպես հավելում, նշենք` քանի որ հուլիսի 1-ից պետակական համակարգում ներդրվել է նաև աշխատավարձերի նոր համակարգ և տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում, ենթադրվում է, որ պետբյուջե եկամտային հարկի վճարումները կավելանան:

 

Գևորգ Խաչատրյան