Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի քանի օր առաջ անդրադարձել էինք ֆինանսների նախարարության կայքում հրապարակված` խոշոր ընկերությունների ֆինանսական հաշվետվություններին տրված աուդիտորական եզրակացություններին: Մոտավորապես 200 խոշոր ընկերություն ստացել է աուդիտի բացասական եզրակացություն, որոշ աուդիտորական ընկերություններ էլ ընդհանրապես հրաժարվել են կարծիք հայտնելուց:
Այդ ընկերությունների թվում են նաև Միկա Բաղդասարյանի «Միկա Քորփորեյշնը», Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Երևան ավտոբուս» ընկերությունը: Այս ցանկը, իհարկե, զարմանալի չի թվա, եթե հաշվի առնենք, թե ինչ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած, օրինակ «Միկա Ցեմենտը», կամ ինչ ճակատագիր ունեցավ «Արմավիան»: Օպերայի և ավտոբուսի պարկի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ նույնպես աուդիտորը հրաժարվել է կարծիք հայտնել: Նորություն չէ, որ պետական դոտացիայով աշխատող ընկերությունները վնասաբեր են, բայց, մյուս կողմից, վերքի վրա աղ է լցրել օպերայի թատրոնի տնօրենը, որին ենթադրաբար ազատել են ֆինանսական չարաշահումների համար: Աուդիտորական կազմակերպությունները, ընդհանրապես, հրաժարվում են կարծիք հայտնել այն ընկերությունների մասին, որոնց, ժողովրդական լեզվով ասած, «վիճակը բուրդ է»:
Իսկ ահա շատ կազմակերպություններ, որոնք հանրությանը նույնքան հայտնի են, որքան դրանց սեփականատերերը, ուղղակի աուդիտորի բացասական եզրակացություն են ստացել, օրինակ` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպը»: Բացասական եզրակացությունն էլ աուդիտը կարող է տալ մի քանի պատճառով, օրինակ` հարկային չարաշահումների կամ փաստաթղթերի ոչ պատշաճ ապահովման:
Հետաքրքիր է նաև, որ այդ ցուցակում է հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որի ֆինանսական խնդիրների մասին Yerkir.am-ը վաղուց է գրել: Ազգային ժողովում քննարկումների ընթացքում բազմաթիվ պատգամավորներ ուշադրություն դարձրեցին ընկերության հաշվապահության վրա: Հիմնականում նշվում էր, որ հոսանքի թանկացումը հենց ՀԷՑ-ի վնասը փակելու համար է, ինչը, ի դեպ, կարող է վատ հաշվապահության և չարաշահումների հետևանք լինել:
Ֆինանսական «անկարգություններ» իրենց թույլ են տվել նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Ջերմուկ գրուպը», Արարատի կոնյակի գործարանը եւ այլն:
Հիմա` հետաքրքիր տեղեկություն աուդիտ անցկացնող կազմակերպությունների մասին: Այնպես չէ, որ դրանք չարաշահումներ չեն անում, որոշ դեպքերում նրանց պատիժն ավելի մեծ է, քան հաճախորդ ընկերություններինը: Այսպես` ֆինանսների նախարարության կայքում հետաքրքիր տեղեկություններ կան նաև խոշոր ընկերությունների աուդիտն անցկացնողների չարաշահումների մասին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով կասեցվել է «Լեգալ Աուդիտ» ընկերության գործունեությունը՝ բացահայտված խախտումների պատճառով: Այս աուդիտորական ընկերությունը բացասական եզրակացություն է տվել Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին: Մեկ այլ հայտնի աուդիտորական ընկերություն՝ «Էն աուդիտը», հայտնվել էր նախարարության նշանառության տակ դեռևս 2013-ին: Նրա ներկայացրած` 22 ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը նախարարությունը ճանաչել է ոչ հավաստի և տուգանել 3 միլիոն դրամով: Այս ընկերությունը, ի դեպ, աուդիտորական բացասական եզրակացություն է տվել՝ «Արսօյլ» ընկերությանը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ՄԱՊ ընկերությանը, «ՍԻՍ նատուրալ», «Երևանի գարեջուր» ընկերություններին:
Մի փաստ ևս: Նշեցինք, որ այդ ընկերությունների վերաբերյալ տրված եզրակացությունները, ըստ ֆիննախի, հավաստի չեն եղել, այլ կերպ ասած` կեղծված են եղել: Ստուգումն «Էն աուդիտ»-ում իրականացվել է 2013-ի հուլիսին, իսկ մինչ այդ արդեն աուդիտորական կազմակերպությունը բացասական եզրակացություն է տվել վերը նշված խոշոր ընկերություններին: Այստեղից կարելի է ենթադրել, որ այդ 22 ընկերությունների մեջ կարող են լինել նաև ցանկում ներառված խոշորները, հետևաբար` աուդիտի բացասական եզրակացությունը գուցե կեղծված է, և այդ ընկերություններում ֆինանսական խնդիրներն ավելի մեծ են, իսկ վիճակը` ավելի տխուր: Այս ամենից կաշառքի հոտ կարող է գալ, եթե ավելի խորը փորենք: Սա վատագույն սցենարն է, իսկ լավագույն դեպքում այդ 22 ընկերությունները բացարձակ կապ չունեն նախարարության ցանկում նշվածների հետ, և ասենք` զբաղվում են կարտոֆիլի աճեցմամբ:
Գևորգ Խաչատրյան