կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 16:53
Հասարակություն

Այգեպար. էստեղ խաղալիք ատրճանակների հետ աչքով աչք չունեն

Այգեպար. էստեղ խաղալիք ատրճանակների հետ աչքով աչք չունեն

Այգեպարցի` 56-ամյա Անահիտ Ալեքյանն ամեն գիշեր քնում է` լսողությունը սահմանի կողմը լարած, ասում է` քնում է, երբ գիշերն իրենից հոգնում է ու հույսը կտրում, որ կարող է իրեն քնեցնել: Տիկին Անահիտի տղան զինվորական է, 15 օրը մեկ 15 օրով գնում է դիրքեր, 15 օրը մեկ տիկին Անահիտն անիծում է կռիվ ու սահման մեջտեղ գցողին:

 

Տիկին Անահիտի հարսն ու թոռն այս ամռանն էլ անցկացրեցին Այգեպարից դուրս, պատճառն օգոստոսի սկզբի կրակոցներն էին: Ամեն առավոտ արթնանում ու խնամքով սրբում էր թոռան խաղալիքները` անտեսելով միայն «դըշ-դըշ» անող ծռմռված ատրճանակները…

 

Արդեն քանի տարի է` տիկին Անահիտի տղան` Խաչատուր Ծատուրյանը, զինվորական է, արդեն հասցրել է ՊՆ-ից հուշամեդալ ստանալ, բայց մայրը, միևնույն է, ամեն անգամ որդուն դիրքեր ճանապարհելիս սկսում է բանակում ծառայող զինվորի նման օրացույցի օրերը ջնջել և որդու վերադարձի օրերը հաշվել:

 

«Որ էսքան կրակոցներ չլինեին, դարդ չէի անի, բայց ոնց հանգիստ լինես, երբ լսում ես կրակոցի ձայնը ու չգիտես` էդ անտեր գնդակը ո՞ւր է գնում: Մինչև տղաս գնում-գալիս է` մենք արդեն կես ջան ենք դառնում: Շունչներս պահած ենք ապրում կրակոցների ժամանակ, մինչև լուսանում է ու մի լավ խաբար ենք լսում, որ ամեն ինչ նորմալ է»,- ասում է տիկին Անահիտը:

 

Նա նշում է, որ եթե գյուղում մի զբաղմունք լիներ և ամբողջ օրը տանը պարապ նստած չլիներ` գուցե այդքան չկենտրոնանար հարցի վրա, սակայն գյուղում աշխատատեղեր չկան, «մի մանկապարտեզն ա», էն էլ մի քանի աշխատող արդեն իսկ ունի: Կինը սովոր չէ պարապությանը: Պահածոների գործարանում բանվորուհի է եղել, ծխախոտի գործարանում տուփեր «կարել», գյուղսովետում, ինչպես նաև տեղի զորամասում է աշխատել:

 

«Մի քիչ հողամաս ունենք ու երկու հավ, դրանով էլ զբաղվում եմ: Հողամասում սոխ, պոմիդոր, վարունգ, լոբի, բիբար եմ ցանել, բայց, դե, մեր հողամասը ուղիղ հակառակորդի աչքի տակին է, երևի մտիկ են անում, բայց խղճում կրակել: Ջրի համար շատ եմ նեղվում, ջուրը մեզ չի հասնում. Մովսեսի համար մեր գետակից ջուր են քաշել, շիթը բարակել է: Բայց, դե, եղածով էլ բավարարվում ենք, միայն թե կրակոցներ չլինեն»,- ասում է տիկին Անահիտը:

 

Մի կողմից` դիրքերում գտնվող տղան, մյուս կողմից` օրեցօր մեծացող թոռնիկի ապագան հանգիստ չեն տալիս կնոջը: Ասում է` ուզում է, որ թոռն իր մոտ` Այգեպարում մեծանա, գնա դրսում ուսում ստանա ու հետ գա Այգեպար, աշխատի ու գյուղը շենացնի: Ասում է ու հավելում. «Երազելն էլ հո փողո՞վ չի»:

 

Տիկին Անահիտը հիշում է` տասնամյակներ առաջ Այգեպարում թուրքերի շուկան է եղել, որտեղ հանգստյան օրերին ասեղ գցելու տեղ չի եղել. «Մենք էլ դոստեր ենք ունեցել, գալ-գնալ է եղել: Երբ դպրոցական էի, պահածոների գործարանի մոտ եղբայրական հանդիպում պետք է տեղի ունենար, մեզ էլ ադրբեջանական երգ էին սովորեցրել, որ երգեինք: Ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, նրանք էլ մեզ նման ժողովուրդ են, ո՞վ կուզի իր մինուճարը, իր հարազատն աննպատակ գնա, զոհվի: Ես դուշմանիս էլ չեմ ցանկանա նման բան, փշաքաղվեցի, հա: Ես փոքր մարդ եմ, որ էդ առումով ինչ-որ բան ասեմ, բայց եթե հրաշք տեղի ունենա ու իրավիճակը խաղաղվի` ես դեմ չեմ, դեմ չեմ, որ ամեն ինչ առաջվա նման լինի»:

 

Իսկ մինչ ամեն ինչ կփոխվի, տիկին Անահիտը ստիպված է 15 օրը մեկ ապրել, մյուս օրերը, ինչպես ինքն է նշում, հաշիվ չեն…

 

Կարինե Հարությունյան