Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
84-ամյա Լենա Ադամյանն Այգեպարի «մեծահարուստներից» է, գլուխ է գովում` Այգեպարում երկու «տուն» ունեմ, բայց երկուսն էլ բանի պետք չեն: Դեռ 90-ականներին ադրբեջանական կողմի կրակահերթերի հետևանքով տան մի մասը քանդվել է, իսկ շենքը, որտեղ բնակարան ունի, վթարային է համարվում, նաև` վտանգավոր բնակության համար:
Լենա տատի պատուհանն ուղիղ հակառակորդի դիրքերին է նայում, ասում է` նախկինում այդ մասով անցնելիս քայլերն արագացնում էր, հիմա` ժամերով հենվում է պատուհանագոգին եւ ուզում նայել սահմանից էն կողմ գտնվողի աչքերի մեջ ու իր հարցերի պատասխանները գտնել, բայց, ինչպես ինքն է նշում, անգամ հակառակորդն է իրենից երես թեքել: Այդ տանը Լենա տատը միայն գիշերում է, լույսը բացվելուն պես հագնվում ու գնում տան դիմացը գտնվող փոքրիկ ավտոտնակը, որտեղ էլ անցկացնում է ողջ օրը: Ավտոտնակում շարժվելու տեղ չկա` վառարան ու մի հին անկողին է դրված:
«Նա իմ տունն ա, չեմ կարող թողնել, չնայած` աչքիս գրողն ա` ամուսինս, տղաս էստեղ մահացան, մահացան` երազելով ապահով տուն, խաղաղ գյուղ ունենալու մասին: Ի՞նչ անեմ, գիշերն էստեղ եմ քնում, սովորություն ա, բայց հետո գնում եմ գարաժ, ճաշ-բան եփում ու էնտեղ մնում»,- ասում է Լենա տատը:
Լենա տատի աղջիկը Երևանում է ամուսնացել, բարձրահարկերից մեկում է ապրում, որտեղ տատը երկար մնալ չի կարողանում, շունչը կտրվում է փակ տարածության մեջ երկար ժամանակ մնալուց: Ասում է` թոռներին կարոտում է, աղջիկն ամեն անգամ ասում է, որ իրենց մոտ տեղափոխվի, բայց քաղաքի կյանքին այդպես էլ չի կարողանում հարմարվել:
«Տիդիդ-տիդիդ` մեքենաներն ամբողջ օրն աղմկում են, այնպիսի տպավորություն է` վարորդները ձեռքները չեն հանում էդ տիդիդից: Աղջիկս էլ 6-րդ հարկում է ապրում, իսկ ես սովոր չեմ տանը փակված նստել: Իրենք աշխատանքի են գնում, ես մենակ նստեմ, ի՞նչ անեմ: Իսկ էստեղ` Այգեպարում, ճիշտ է, էլի մենակ եմ, բայց ինձ մենակ չեմ զգում»,- ասում է Լենա տատը:
Տատը նաև մի տղա ուներ, ով ամուսնացել ու ընտանիքի հետ տեղափոխվել էր Ֆրանսիա` մշտական բնակություն հաստատելով այնտեղ: Այս տարի, երբ տատի ամուսինը վատառողջ էր, տղան եկել էր Ֆրանսիայից` հորը «տիրություն անելու», բայց, ինչպես տատն է ասում, քարուքանդ տունը, այգեպարցիների ապրելակերպը, թշնամու կրակոցները /օգոստոս ամսին, երբ իրավիճակը թեժ էր սահմանին/ թուլացրին տղային, սիրտը չդիմացավ` ինֆարկտ ստացավ, որն էլ ճակատագրական դարձավ նրա համար` խլելով կյանքը:
«Ո՞վ է ասում` խաղաղ ենք ապրում, պատերազմը հիմա էլ է շարունակվում, պատերազմն իմ տունը քանդեց` տղայիս ու ամուսնուս էն աշխարհ ուղարկեց, տունս այնպես ավերեց, որ մինչև հիմա չենք կարողացել վերականգնել, թոռներիս կտրեց ինձնից` թոռներս վախենում են գալ ստեղ, ապրել: Ո՞ւմն ա պետք սենց ապրելը, պառկում ես ու, եթե կրակոց է լինում, սկսում ես հաշվել, հենց 10-ից անցավ, փախչել է պետք` մինչև լույս կրակելու են: Ինչքան էլ կյանքս անիծում եմ, որ կրակում են, ուշք ու միտքս կյանքն ա լինում` թոռներս են ինձ դեռ պահում»,- ասում է Լենա տատը:
Տատը 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց հաշմանդամության համար թոշակ չի ստանում, նաև` նպաստ, ասում է` պարզաբանում են, որ «ծերության թոշակ» է ստանում: Թոշակը չի բավարարում օրվա հոգսը հոգալու համար, խանութից «գրովի» է գնում օրվա հացը:
«Էս թանկ-թանկ խանութները, ապրանքների` օրեցօր աճող գները ու իմ ստացած 30 մանեթ թոշակը ո՞նց համեմատեմ: Էն թվերին ուրիշ էր, 30 տարի գինու գործարանում եմ աշխատել, ընտանիքս, երեխաներիս պահել, մեծացրել ու հիմա մենակ եմ` փլված տան մեջ: Միակ «ընկերս»` պատուհանի մյուս կողմում գտնվող թշնամի սահմանապահներն են, որոնց ներկայությունն ամեն պահ զգում եմ` տանս պատերին նայելով»,- ասում է Լենա տատը:
Տատը, սակայն, Ադրբեջանի ժողովրդի հանդեպ քեն չունի, ասում է` իրենց ժողովուրդն էլ է մեղք, նրանք էլ ավերված տներ ունեն: Լենա տատիկը տանել չի կարողանում Ալիևին, ասում է` հեռուստացույցով երբ ցույց են տալիս նրան, ալիքը փոխում է, որ «շնորհքը տեսնամ վուչ»: «Էսքան հաստակող, վնասատու մարդ կլինի՞ աշխարհում: Իր ժողովուրդն էլ ա մեղք, նրանց էլ է խաբում: Պատերազմ-խաղաղություն` իմ հասկանալու, իմ լուծելու հարցերը չեն, բայց էս վիճակը ո'չ մենք ենք ուզում, ո'չ Ադրբեջանի ժողովուրդը: Թե մեծերն իրար հետ լեզու չեն գտնում, մենք ինչի՞ ենք տուժում»,- ասում է Լենա տատը:
Տատը մեզ ճանապարհելիս էլ հենված էր պատուհանագոգին, ինչ-որ բան էր խոսում, խոսում էր սահմանի էն կողմում գտնվողի հետ, խոսում էր, բայց չէր անիծում…
Կարինե Հարությունյան