Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանն այսօր ասել է, որ ներկայիս եռյակն իսկապես խախտել է իշխանությանը ներկայացված 12 պահանջների կատարման գնահատականի վերաբերյալ հայտարարությունը ՀՅԴ-ի հետ քննարկելու պայմանավորվածությունը:
Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը յուրօրինակ ինքնախոստովանություն էր այն մասին, որ հոկտեմբերի 10-ի նախօրեին եռյակը միտումնավոր է Դաշնակցությանը զրկել 12 պահանջների վերաբերյալ հայտարարության համահեղինակի իրավունքից և այն ներկայացրել միայն եռյակի անունից, թեեւ դրա վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումն ու գնահատականները գրեթե նույնական էին եռյակինի հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, սակայն, չի բացել փակագծերը, թե ինչո՞վ է պայմանավորված նախկին գործընկերոջ նկատմամբ նման խտրական վերաբերմունքը:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե հարգանքով են վերաբերվում սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՅԴ-ի դիրքորոշմանը և շարունակելու են նրա հետ քառյակի ձևաչափով համագործակցությունը խորհրդարանում: Սակայն այս քառօրյայի հենց առաջին օրը պարզ դարձավ, որ կա'մ Տեր-Պետրոսյանը չի տիրապետում իրավիճակին, կա'մ նրա գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում նրա տված գնահատականներին: Ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», շրջանառության մեջ էին դրել Հայաստանի կառավարման ճգնաժամի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու որոշման մի նախագիծ, որին, սակայն, Դաշնակությունը չէր միացել:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա բացատրել էր նրանով, որ թեեւ կողմ են դրան, բայց չեն կարող միանալ ինչ-որ նախաձեռնության, որը չի քննարկվել և չի համաձայնեցվել իրենց հետ: «Այդ աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Դաշնակցությունը երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Մենք միանում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցում դերակատար ենք եղել, որոնք մեզ հետ քննարկվել են: Եթե մեզ հետ չեն քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ` ստորագրելու, մենք երբեք դա չենք արել և չենք էլ անի»,- ասել էր նա:
Եռյակի ներկայացուցիչ ուժերից որևէ մեկն այս կապակցությամբ դեռևս մեկնաբանություն չի տվել, առավել ևս` հերքել Ռուստամյանի հիմնավորումները, ինչից պետք է եզրակացնել, որ այս նախաձեռնության շրջանակում ևս եռյակը գործել է այն նույն ձեռագրով, ինչպես 12 պահանջների մասին հայտարարության պարագայում: Ակնհայտ է, որ այս ամենը պատահականություն չէ, այլ հստակ քաղաքական ուղեգիծ:
Հարցն այն է` ո՞րն է այս գործելաոճի իրական նպատակը: Եռյակին ու, հատկապես, ԲՀԿ-ին կից տեղեկատվական խողովակների միջոցով համառորեն տարածվում է այն տեսակետը, թե եռյակը չի ուզում համագործակցել ՀՅԴ-ի հետ, քանի որ, իբր, կասկածում է, թե ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների քողի տակ գործարքի մեջ է իշխանության հետ: ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ ասել է, թե բանակցություններ, իսկապես, վարվել են, որոնք, սակայն, վերաբերել են միայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցման մեխանիզմներին` դրանք Դաշնակցության ակնկալիքներին համապատասխանեցնելու նպատակով:
Որ բանակցություններ պետք է վարվեին, ՀՅԴ-ն հասկանալի է դարձրել ի սկզբանե: Այն դեպքում, երբ կուսակցությունը սկզբունքային է համարում երկրում առկա խնդիրների մեծ մասը կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորելը, անկախ նրանից`մյուսները կիսում են այդ դիրքորոշումը, թե` ոչ, հակառակը կլիներ ուղղակի անտրամաբանական: Որովհետև հասկանալի չէր լինելու, թե քաղաքական ուժը այլ կերպ ինչպե՞ս պետք է հասնի փոփոխությունների հայեցակարգում կամ հետագայում նաև նախագծում իր ցանկալի լուծումների ամրագրմանը:
Մյուս կողմից` այդ բանացկությունները գործարք որակելու համար նախ անհրաժեշտ է ասել, թե ո՞րն է ՀՅԴ-ի ակնկալիքը: ԲՀԿ-ից փորձում են այն կանխակալ կարծիքը ձևավորել, թե ՀՅԴ-ն ցանկանում է մտնել իշխանության մեջ պորտֆելներ ստանալու միջոցով: Սա կլիներ միանգամայն հիմնավոր, եթե ՀՅԴ-ն պաշտոնապես ի սկզբանե հայտարարած չլիներ, որ չի կարող մտնել իշխանության մեջ կամ կոալիցիոն հարաբերությունների մեջ, երբ, հաշվի առնելով ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնություն ունենալու հանգամանքը, հնարավորություն չի ունենալու ազդել կայացվող քաղաքական որոշումների վրա:
Մինչդեռ ուժերի այդպիսի վերադասավորում հնարավոր է միայն երկու դեպքում` կա'մ երբ ուժերի հարաբերակցության փոփոխություն է տեղի ունենում ԱԺ-ում, և ՀՀԿ-ն դադարում է ունենալ պարզ մեծամասնություն, կա'մ էլ երբ կայանում են պառլամենտական նոր ընտրություններ, և ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն չի ունենում: Այս նախադրյալներից որևէ մեկը, սակայն, գոնե այս պահին գոյություն չունի:
Հետևաբար` գործարքի մեջ լինելու վերաբերյալ մեղադրանքը, մի կողմից, որևէ քաղաքական կամ տրամաբանական հիմք չունի ու պրիմիտիվ մանիպուլյացիոն հնարք է, իսկ մյուս կողմից` հենց եռյակի կամ նրա որևէ ներկայացուցիչ ուժի կողմից իշխանության հետ առկա կամ հնարավոր գործարքը քողարկելու միջոց է, ինչպես հայտնի ասացվածքում` գողն է առաջինը գոռում` բռնեցեք գողին:
Սա ՀՅԴ-ի նկատմամբ որդեգրված քաղաքականության միայն արտաքին, մանիպուլյատիվ ընկալումն է: Իրականում նպատակները, որոնք երկուսն են, շատ ավելի խորքային են:
Առաջինը սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվելը իշխանության հետ գործարքի մեջ լինելու հետ ասոցացնելն է: Այսինքն` եթե կողմ ես սահմանադրական փոփոխություններին, ուրեմն կողմ ես Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերատադրությանը: Սա քաղաքական դաշտը սևի ու սպիտակի բաժանելու` արդեն ծանոթ մարտավարություն է` թե' քաղաքական ուժերին և թե' հասարակությանը յուրայինների ու դավաճանների ճամբարների բաժանելու միտումով: Այսպիսի բաժանումների պարագայում բացարձակապես արժեզրկվում են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են գաղափարականությունը, ծրագրահենությունը և հետևողականությունը:
Երկրորդ` եռյակը ձգտում է ցանկացած գնով քաղաքական պրոցեսներից մեկուսացնել ՀՅԴ-ին, նրան դնել մարգինալ վիճակի մեջ և դրանից խուսափելու համար կանգնեցնել երկընտրանքի առջև` գնալ իշխանության գիրկը` վաստակելով դավաճանի խարանը և վերածվել ՕԵԿ-ի` իշխանության ներսում, կամ հրաժարվել սահմանադրական փոփոխություններից և «վերադառնալ» «քառյակի ձևաչափ»: Բայց դա արդեն լինելու է վերադարձ ոչ թե հավասար, այլ կրտսեր և ենթակա «գործընկերոջ» կամ վասալի կարգավիճակով` առանց դեմք ունենալու և ստիպված լինելով ընդունելու եռյակի, ավելի ճիշտ` ԲՀԿ-ի կողմից կայացվելիք բոլոր որոշումները, այդ թվում` նաև կապված նախագահի` ԲՀԿ-ի կողմից նախընտրելի միասնական թեկնածուին ընդունելու հեռանկարի հետ: Այլ կերպ ասած` վերածվել ՕԵԿ-ի` արդեն քառյակի ձևաչափում:
Սակայն անհնազանդ Դաշնակցության «կամակորության սանձահարման» այս օպերացիան, որի կազմակերպման համար ԲՀԿ-ի մտավոր պոտենցիալը հաստատ չէր բավարարի, հղի է բումերանգի էֆեկտով: Որովհետև դեռ պարզ չէ, թե նախագահի աթոռի համար ԲՀԿ-ՀԱԿ տանդեմի և ՀՀԿ-ի սկսած այս խաղից, որտեղ «Ժառանգությունը» պատանդի կարգավիճակում է, ինչպես դուրս կգան գործող դերակատարները: Հատկապես, երբ պարզվի, որ իշխանության սահուն փոխանցման շուրջ իրական գործարքը տեղի է ունենում ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ հանրային դժգոհության և հանրահավաքների քողածածկույթի տակ:
Գևորգ Դարբինյան