Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին: Նա նշեց, որ, «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունների համաձայն, նոյեմբերի 1-ից պետք է կատարվի դեղերի պարտադիր դրոշմավորում:
Պատգամավորի խոսքով` ոլորտի կարևոր ընկերություններից մեկի` «Վագա ֆարմ»-ի տնօրենը ամսագրերից մեկում հոդված է հրապարակել, որում փորձում է ապացուցել, որ օրենքի այդ դրույթը չի կարող արդյունավետ լինել, որովհետև ոլորտում ստվերը բավական փոքր է ու չի կրճատվելու:
«Ապրանքների քանակը միանգամից ֆիքսվում է սահմանին` ֆիննախի ու առողջապահության նախարարության կողմից, այսինքն` լրացուցիչ հաշվառման անհրաժեշտություն չկա: Պետությունը 1 մլն 300 հազար դրամի լրացուցիչ ծախս է կատարելու դրոշմապիտակների վճարը փոխհատուցելիս: Արդյունքում` անպտուղ աշխատանք է արվելու, բյուջե լրացուցիչ մուտքեր չեն լինելու, տուժելու են քաղաքացիները»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ աշխարհի ոչ մի երկրում դեղերի դրոշմապիտակների հաշվառում չի կատարվում: Պատգամավորը հարցրեց, թե արդյո՞ք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են կառավարությունում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բարձրացված հարցը մի քանի անգամ քննարկվել է առողջապահության նախարարությունում: «Կառավարությունում ևս քննարկումներ եղել են բարձրացված հարցի շուրջ և հանգեցրել են այն եզրակացության, որ շուկայում առկա անգամ փոքր քանակության կեղծ դեղերը կամ չգրանցված դեղերը կարիք ունեն պարտադիր հսկողության: Եվ այդ առումով` յուրաքանչյուր դեղամիջոց, որը ստեղծվում է ՀՀ-ում կամ ներմուծվում է, վերահսկվում է»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` 43 մլն (փաթեթ) դեղ 55 մլն միավոր քանակությամբ, ամբողջովին հաշվառվել է, և դա բացարձակ չի ազդել դեղի գնի վրա: Նա նշեց նաև, որ կեղծ դեղորայքի ներմուծման կանխարգելումը յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից մեկն է, և մեր երկիրը ևս ընտրել է այս ճանապարհը: