կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 13:35
Իրավական

Նախկինում 6 անգամ դատապարտված կալանավորը մեղադրվում է սոցցանցի միջոցով ծանոթացած կնոջից միլիոններ հափշտակելու մեջ

Նախկինում 6 անգամ դատապարտված կալանավորը մեղադրվում է սոցցանցի միջոցով ծանոթացած  կնոջից միլիոններ հափշտակելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ կալանավորի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստով հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալի աթոռին նախկինում 6 անգամ, այդ թվում` նաև հափշտակություններ կատարելու համար դատապարտված 30-ամյա Արսեն Սիմոնյանն է:

 

Նա, ըստ մեղադրանքի, «Օdnoklassniki» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սուսաննա Հարությունյանի հետ, թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սիմոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով:

 

Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով վկաներն ու տուժող Ս. Հարությունյանը: Նիստի մեկնարկին դատավոր Գագիկ Պողոսյանը, դիմելով ամբաստանյալին, հարցրեց, արդյո՞ք ինչ-որ բան է ցանկանում ասել, քանի որ անընդհատ իրեն է նայում: Ամբաստանյալը նախ ասաց` ոչ, սակայն հետո խոսեց. «Ոնց որ արդեն նշեցի` խնդրել էի արագացված դատաքննության անցնել»: Դատավորը հուշեց նրան` ասելով, որ նա երևի նկատի ունի, որ հիմա է ցանկանում միջնորդել արագացված դատաքննության անցնել: Սակայն մեղադրող դատախազը նշեց, որ այդ հարցը կարող է քննարկվել միայն տուժողի ներկայությամբ:

 

Այսօրվա նիստում քննարկվեց նաև ամբաստանյալին պաշտպան տրամադրելու հարցը: Սիմոնյանը հայտարարեց, որ եթե իրեն մնար, առհասարակ կհրաժարվեր պաշտպանից, սակայն օրենքը դա թույլ չի տալիս: Նա միաժամանակ նշեց, որ չի ցանկանում հարազատներին նեղություն տալ և փաստաբան վարձել, ուստի դատարանին խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել: Նշենք, որ նախաքննության ընթացքում կալանավորը հրաժարվել էր պաշտպանից:

 

Այսպիսով` դատարանը որոշում ընդունեց ամբաստանյալին հանրային պաշտպան տրամադրելու պահանջով դիմել հանրային պաշտպանի գրասենյակին: Դատական նիստը հետաձգվեց,  և հաջորդը նշանակվեց նոյեմբերի 4-ին: