կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 21:50
Հասարակություն

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ. Հայոց ցեղասպանության թանգարանն առաջարկում է ապրիլի 24-ին փոխարինել սոցցանցի լուսանկարը

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ. Հայոց ցեղասպանության թանգարանն առաջարկում է ապրիլի 24-ին փոխարինել սոցցանցի լուսանկարը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բա­րեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հու­շային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։

Թանգարան-ինստիտուտն այս մասին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Եթե չկան զոհ կամ վե­րապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտա­հայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդա­յիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարնե­րը, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ըն­դամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»:

 

Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցա­գործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համա­մարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիք­ներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։

Մեկ դար է անցել 1915-1923 թվականներին մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս։ Հայ մարդիկ հիշում են Ցեղասպանության զոհ իրենց պապերին ու տատերին, հիշում են տասնյակներով մղված ինքնա­պաշտպանական մարտերի հերոսներին, ապրելու իրավունքը պաշտպանե­լու ելած դիմադրողներին, վերապրողներին՝ որոնք հիմքը դարձան ոչ միայն հայկական Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության մերօրյա բնակ­չության գրեթե կես մասի։ Հիշում են հազարամյակների ընթացքում ստեղ­ծած և ներկայում անտեր ու ավերակ դարձած եկեղեցիներն ու վանքերը, քաղաքներն ու գյուղերը, թաղամասերն ու տները, ծառերն ու մրգերի համու­հոտի մասին տատիկների պատմությունները, պարերն ու երգերը, մոռաց­վող բարբառի քաղցրությունը։ Հիշում են հայ մտավորակա­նության պայծառ ներկայացուցիչներին. գրողներին ու բժիշկներին, լրագրողներին ու արվես­տագետներին, ճարտարապետներին ու նկարիչներին, հիշում են բազմա­հմուտ արհեստավորներին, վաճառականներին ու հողի մշակներին։ Հիշում են որբերին փրկողներին ու միսիոներներին, մեծ հումանիստներին ու բա­րերարներին։ Հիշում են հպարտությամբ, հիշում են գորովանքով։

Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապե­տությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաի­մաստավորելու, վերասահմանելու ժամանակը։ Ցեղասպանության դաժա­նագույն տարիներին հայ մարդիկ պայքարել են. պայքարել են ոչ միայն զեն­քով, պայքարել են ոգով։ Հազար-հազարները չեն դավաճանել իրենց կրոնին ու լեզվին, հարազատներին ու բարեկամներին. անգամ եթե հարկադրաբար են փոխել կենսաձևը, առաջին իսկ հարմար առիթի դեպքում հետ են վերա­դարձել իրենց ակունքներին։ Հազար-հազարները դրա հնարավորությունն ուղղակի չեն ունեցել, սակայն հայկականության ոգին ու հիշողությունն ապ­րել է նրանց մեջ հետագա ողջ կյանքի ընթացքում։ Մարդիկ մաքառել են, պայքարել են ու հերոսացել ոչ միայն կռվի դաշտում, այլ նաև գոյատևման ամենօրյա պայքարում։ Ծնողները փրկել են զավակներին, փոքրերը՝ մեծե­րին, հարևանը՝ հարևանին, ծանոթը՝ անծանոթին։ Կիսել են մի կտոր հացը անապատում թե որբանոցում։ Ընտանեկան համերաշխության ու փոխօգ­նության, դժվարին պահերին միմյանց հասնելու, ձեռք մեկնելու բացառիկ օրինակներ են եղել Ցեղասպանության տարիներին՝ արժանի դրանց մասին վեպեր ու պոեմներ գրելու։

Ուստի մենք պետք է շարունակենք հավուր պատշաճի արժևորել բա­րոյական ու արժանապատիվ պահվածքի դրսևորումները, ու նաև հարգան­քով ու հպարտությամբ հիշենք թե´ զոհերին, թե´ դիմադրողներին, թե´ վեր­ապրողներին։