կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 11:48
Իրավական

1մլն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն

1մլն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ, երկու անձանց հետ նախնական համաձայնության գալով, որոնցից մեկը ևս Լիբերիայի Հանրապետության քաղաքացի է, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է ՀՀ քաղաքացուն պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործության կատարման մեխանիզմը:

Այսպես՝ իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2009թ. նոյեմբեր ամսին հիշյալ անձանցից մեկը զանգահարել է ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենին  և ներկայանալով որպես խոշոր գործարար՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկ է արել՝ հայտնելով, որ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Երևան կուղարկի իր ներկայացուցչին: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևան է ժամանել գործով մեղադրյալ, Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացին, այնուհետև նաև՝ վերջինիս համերկրացին:

Երևանում հանդիպելով ՍՊ ընկերության տնօրենին՝  նրանք ներկայացել են որպես ֆինանսական մեծ կարողություններ ունեցող գործարարներ, համատեղ գործունեության առաջարկ են արել և սուտ խոստումներ տվել, իբր այդ նպատակով կարող են Հայաստան ներկրել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ադամանդյա քարեր: Միաժամանակ, որպես երաշխիք, որ ապրանքի ներկրումից հետո վճարումը կկատարվի, հայ գործարարից պահանջել են իրենց ցույց տալ կանխիկ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ նշված գումարը, այլ նպատակով ծախսելու հնարավորությունը բացառելու համար, իրենք հատուկ սև գույնի քիմիական նյութով կներկեն թղթադրամները, իսկ ադամանդյա քարերը Հայաստան բերելուց հետո այդ գումարները մեկ այլ քիմիական նյութով կմշակեն, որից հետո թղթադրամները կստանան իրենց սկզբնական տեսքը:

Գործարքը կատարելու նպատակով, պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին հանդիպել են ընկերության տնօրենին, որի ժամանակ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը փաթաթել են փայլաթիթեղներով, մշակել սև գույնի անհայտ քիմիական նյութով, դրանք տեղադրել դույլի մեջ՝ պատճառաբանելով, որ քիմիական պրոցեսի համար անհրաժեշտ է շուրջ 15 րոպե ժամանակ՝ այդկերպ ապահովելով հափշտակվող գումարներին իրենց հասանելիությունը:

Այնուհետև, երբ ընկերության տնօրենը ծխելու նպատակով պատշգամբ է դուրս եկել, գողացել են գաղտնի հափշտակված, նրան պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Իսկ որպեսզի ՀՀ-ից հեռանալու համար ժամանակ շահեն, հափշտակված գումարը փոխարինել են նախապես իրենց կողմից պատրաստված նմանատիպ փայլաթիթեղներով փաթեթավորված թղթերով և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: