Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 40-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի գործը: Նա մեղադրվում է ամուսնու հարազատներից առանձնապես խոշոր գույք հափշտակելու մեջ:
Համաձայն մեղադրականի` Հռիփսիմեն ամուսնու տանը բնակվելու ժամանակ` 2010-2012 թվականներին, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքի պարագաները, որոնց ընդհանուր արժեքը եղել է մոտ 255 հազար դոլար:
Դրանից բացի, Հռիփսիմեն 2012 թվականի հունվարի 20-ին հեռախոսով զրուցել է ամուսնու` Ռուսաստանում ապրող մորաքրոջ հետ, խնդրում պարտքով 4000 դոլար գումար ուղարկել իրեն, ասում, թե ամուսինը պարտքեր ունի, պիտի մարի:
Որոշ ժամանակ անց` 2012-ի մայիսին, Հռիփսիմեն կրկին կապվել է ամուսնու ազգականների հետ, այս անգամ պարտքով խնդրել 12 հազար դոլար` բացատրելով, թե ամուսնու եղբայրը մեծ պարքեր ունի, ու դրա համար իրեն ու իր երեխաների կյանքին ու առողջությանը սպառնում են պարտատերերը: 4000 և 12000 դոլար գումարներն էլ ստանալուց հետո կինն այն ամբողջությամբ ծախսել է իր կարիքների համար:
Հռիփսիմեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խարդախություն` խոշոր չափով: Առաջին երկու մեղադրանքների դեպքում պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկում, իսկ երրորդի դեպքում` 2-5 տարվա ազատազրկում կամ 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամի տուգանք:
Ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագորությունը չհեռանալու մասին: Հավանաբար, հաշվի է առնվել նրա խնամքի տակ անչափահաս երեխա լինելու հանգամանքը:
Այսօրվա դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները ներկայացել էին, բացառությամբ` ամբաստանյալի: Նա դատարանի գրասենյակ դիմում էր ուղարկել` խնդրելով նիստը հետաձգել, քանի որ իր անչափահաս երեխան հիվանդ է ջրծաղիկով, ջերմություն ունի, և ինքը չի կարող դատարան ներկայանալ:
Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալի պաշտպանին հայտնեց, որ երեխայի հիվանդ լինելը հարգելի պատճառ չի կարող համարվել, և եթե ևս մեկ անգամ անհարգելի բացակայություն լինի, ապա դատարանը կքննի նրան ոստիկանության միջոցով բերման ենթարկելու կամ նույնիսկ խափանման միջոցը փոխելու (ընդհուպ` մինչև կալանք) հարցը:
Դատարանը բացատրեց նաև, որ եթե ամբաստանյալի հարազատները չեն կարող երեխային պահել, ապա նա կարող է դիմել պետությանը` խնամակալի հարցը լուծելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին: