Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Արցախում աշխատած ռուսական Life.ru լրատվական կայքի լրագրող Արթուր Մատվեևն օրեր առաջ դարձյալ Արցախում էր: Ռուսաստանում և արտասահմանում տեղի ունեցած ռազմական հակամարտություններն ու արտակարգ իրավիճակները լուսաբանած Մատվեևն այս անգամ Արցախ էր այցելել՝ մասնակցելու «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով դասընթացին:
Ռուսաստանցի լրագրողն իր փորձը ներկայացրեց հայաստանյան ռազմական լրագրողներին՝ խոսելով պատերազմական իրավիճակում աշխատելու, տեղեկատվությունն ընթերցողին մատուցելու և այլ նրբությունների մասին: Մատվեևը բազմիցս եղել է թեժ կետերում. լուսաբանել է Կիևի Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները, Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմը, Սինայի անապատում «Բոինգ»-ի կործանումը, Թուրքիայում կատարված հեղաշրջումը, Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները և այլ իրադարձություններ:
Yerkir.am-ի հետ զրույցում լրագրողը խոսեց 2016թ. ապրիլին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման ընթացքում իր կատարած լրագրողական աշխատանքի մասին: Նա հայտնեց, որ Արցախում աշխատելու ընթացքում լուրջ խոչընդոտների չի բախվել:
«Ուր ցանկացել ենք գնալ, թույլատրել են, միակ սահմանափակումը եղել է այն դեպքում, երբ եղել է գնդակոծության վտանգ, ինչը հասկանալի է` արվել է` անվտանգության նկատառումներից ելնելով: Եղել է իրավիճակ, երբ ճանապարհի մի հատվածում երեք ժամ սպասել ենք, որ կրակոցներն ավարտվեն»,- ասաց նա:
Մատվիևը հայտնեց, որ նախքան Արցախ ժամանելը տեղեկացված է եղել իրավիճակի մասին: «Առաջին օրերին իրավիճակը շատ լարված էր, և մենք մտավախություն ունեինք, որ այն կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք ապրիլից հետո ընդգրկվել է ադրբեջանական «սև ցուցակ»-ում` որպես Արցախ այցելած լրագրող, Մատվեևն ասաց, որ չգիտի: «Հենց փորձեմ մուտք գործել Ադրբեջան, այն ժամանակ էլ պարզ կլինի»,- ասաց նա:
Ըստ Մատվեևի` ցանկացած իրավիճակ լուսաբանելիս լրագրողը պետք է կատարի իր պատականությունները: «Եթե պետք է մտածես, որ հնարավոր է ուրիշ երկիր մուտք գործել թույլ չտան, ուրեմն պետք է ուրիշ ոլորտում աշխատես»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին LifeNews (խմբ. ներկայումս Life.ru) հեռուտսատեսության աշխատակիցներին Ադրբեջանից վտարել էին՝ պատճառաբանելով, թե նրանք գործունեություն են ծավալել առանց հավատարմագրման և իբր խեղաթյուրել են իրականությունը և ոչ օբյեկտիվ տեղեկություններ ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմի այս քայլին հետևեց Ռուսաստանի պաշտոնական արձագանքը: