կարևոր
511 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-10 09:27
Հասարակություն

Գյուղի խանութները տուգանում են, իսկ չլիցենզավորված ապրանքների վաճառքը շարունակվում է. «Ժողովուրդ»

Գյուղի խանութները տուգանում են, իսկ չլիցենզավորված ապրանքների վաճառքը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի Կառավարությունը փնտրում է ելքեր Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի 609 մլրդ դրամ դեֆիցիտը լրացնելու համար, իրականում որևէ գործնական քայլ չի արվում զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքների շրջանառությունը դադարեցնելու համար:

Բանն այն է, որ բյուջեի պլանավորված ծախսերը կատարելու համար Կառավարությունը մտադիր է պարտք վերցնել՝ ներքին ու արտաքին։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև վարկեր կվերցվեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։

Սրան գումարվում են նաև այն հարկային պարտավորությունները, որոնք դրվում են կամ դրվել են հասարակ աշխատանք իրականցնող և մանր և միջին բիզնես ունեցող անձանց վրա։ Սակայն անօրինական և լիցենզիայի բացակայությամբ վաճառքների վերջն այդպես էլ չի տրվում։

Օրինակ՝ List.am-ից շատ հեշտ եղանակով կարելի է գնել ծխախոտ, որը խանութներում ունի վաճառքի սահմանափակումներ։ Եթե խանութում մինչև 18 տարեկանները ծխախոտ չեն կարող գնել, ապա համացանցում դա չի կառավարվում։

Նույն կայքից հեշտ կարելի է ձեռք բերել խմիչքներ։ Օրինակ 30 հազար դրամանոց խմիչքը, որի վաճառքից ստացած եկամտի մի մասը կգնա պետական բյուջե, օնլայն հարթակից կարելի է ձեռք բերել 10-15 հազար դրամ արժողությամբ և չվճարել պետական տուրքերի, հարկերի համար նախատեսված հավելյալ արժեքը։

Նմանատիպ օրինախախտումների բացահայտման, իրավական և հարկային դաշտ բերելու միջոցով թերևս պետք է լցնել այն դեֆիցիտը, որի համար աստիճանաբար քայքայվում է աշխատաշուկան։ Գյուղերում, օրինակ վարդենիսցիների խանութներում, 60-120 մլն դրամով տուգանում են նաև չլիցենզավորված ապրանք վաճառելու համար, բայց օնլայն հարթակում անխոչընդոտ վաճառք կա:

Եվ եթե գործող կառավարությունը չի կանխում, 2 պատճառ կարող է լինել. կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ուզում: Երկու դեպքում էլ խայտառակություն է»: