կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 11:17
Հասարակություն

«Արարատի գագաթից կը թքեմ ձեզպէսների երեսին»

«Արարատի գագաթից կը թքեմ ձեզպէսների երեսին»

Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ։ Որպէս միամիտների ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար։ Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի վերամիացմանը։ Մինչեւ իսկ ծիծաղում են բոլոր նրանց վրայ, ովքեր Արարատի գլխին Եռագոյնը զետեղելու խոստումն են կատարում։

Դեռեւս քառորդ դար առաջ, այս նոյն մարդիկ ծիծաղում ու ծաղրում էին, Արցախի ազատագրման պահանջը ներկայացնելիս։ Բայց այսօր Արցախն ազատագրուել է հայրենական եօթը տարածքների հետ միասին։ Միթէ լա՞ց են լինում այս մարդիկ…

Ա՜խ, երանի Յովհաննէս Շիրազը ողջ լինէր, որպէսզի այս տեսակի հայ մարդկանց հատու պատասխանը հասցներ։ Երբ Դաշնակցական պատանիներ էինք, լաւ իմանում էինք Շիրազի պատասխանը նման հայերին։

Լիբանանի բոլոր Դաշնակցական պատանիների նման, Պուրճ Համուտի Թրատ թաղի Հ.Յ.Դ. Զաւարեան Պատանեկան Միութեան պատանիների համար Հայաստանի ազատագրումը մեր բոլորի Սուրբ Գործն էր, մանաւա՛նդ ազատագրումը Արարատի՝ Մեծ ու Փոքր Մասիսների։ Յովհաննէս Շիրազը մեր ամենից սիրելի բանաստեղծներից էր։ Մեզի համար պաշտելի էր Շիրազը՝ Հայաստանի ու Արարատի հանդէպ տածած անհուն պաշտամունքով։

Եկաւ պահը երբ մեզ համար Շիրազը նաեւ հերոսացաւ։ Այս բանը պատահեց, երբ իմացանք նրա մասին հետեւեալ պատմութիւնը։ Պատմությունը գուցե մի ազգասեր հայի երեւակայութեան արդիւնքն էր, ո՞վ գիտի… թեեւ դէպքը, թէկուզ եւ ժողովրդի երեւակայութեան արդիւնք, հարազատորեն համապատասխանում էր Շիրազի էությանը եւ բնական էր թվում, որ կարող է պատահած լինել:

Մի օր, Երեւանում, մի խումբ կոմերիտական երիտասարդներ մօտենում են Շիրազին եւ սկսում հեգնանքով խոսելլ նրա հայրենասիրական քերթուածների մասին։ Շիրազ անտեսում է նրանց հեգնանքը։ Վերջապէս, կոմերիտականները հարց են տալիս, «Դու էդքա՜ն երգում ես Արարատի մասին, վասն ինչի՞։ Ենթադրենք Արարատը առանք եւ քեզ տուեցինք, ի՞նչ կ՛անես։»

Շիրազ նայում է կարմիր փողկապաւոր հայ երիտասարդներին, մտածում, եւ պատասխանում է նրանց, «Եթէ Արարատը ազատագրէք, էն ժամանակ կը բարձրանամ Մեծ Մասիսի գլխին եւ կը թքեմ ձեզպէսների երեսին։»

Իբրեւ Դաշնակցական պատանի, որքա՜ն հպարտութեամբ լիքն էինք Շիրազի այս պատասխանով։ Մենք էլ պատրաստ էինք թքելու բոլոր նման հայերի երեսին։

Այսօր էլ պատրաստ ենք… Հարցրէք որեւէ Դաշնակցական պատանու ու երիտասարդի։

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ