Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն քանի անգամ է` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվում է «Փայլակ Հայրապետյանն ընդդեմ` «Ամերիաբանկ»-ի և «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի» գործով նախնական դատական նիստը: Պատճառը կողմերի` դատարան չներկայանալն է: Այսօրվա դատական նիստում դատավոր Ռաֆիկ Խանդալյանը հայտնեց, որ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը դիմել է իրենց` խնդրելով հետաձգել նիստը: Դատավորը բավարարեց փաստաբանի խնդրանքը և հաջորդ նիստը նշանակեց հունիսի 3-ին:
Yekir.am-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ գործի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ, իսկ նիստը գրեթե 3 ամիս հետաձգելու վերաբերյալ էլ նշեց, որ երևի դատարանն է ծանրաբեռնված:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2012-ի հունվարի 25-ին վերցրել է Հայրապետյանին պատկանող «Հայաստան» հանրախանութը, սակայն, ըստ գործարարի, բանկի կատարած գործողություններն ապօրինի են, ինչի կապակցությամբ էլ դիմել է դատարան:
Հետաքրքրական է, որ գործարար Փայլակ Հայրապետյանն ընդհանրապես տեղյակ չէր այսօրվա դատական նիստից, ավելին` այդպես էլ տեղը չբերեց իր ներկայացուցչին: Նա ասաց, որ Վարդան Մկրտչյան անուն-ազգանունով փաստաբանի չի ճանաչում և տվեց իր «իսկական փաստաբանի»` ոմն Արմենի հեռախոսահամարը: Արմենը, սակայն, բարկացավ, երբ տեղեկացավ, որ Հայրապետյանն է իր համարը տվել: «Զանգեք Փայլակին, ինձնից ի՞նչ գործ ունեք»,-ասաց նա և անջատեց հեռախոսը: Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց «փաստաբան» Արմենի պահվածքը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զանգահարել է Փայլակ Հայրապետյանին և հիշեցրել, որ այլևս նրա շահերը չի պաշտպանում: Հայրապետյանից խնդրեցինք մտաբերել` հնարավո՞ր է` Վարդան Մկրտչյանն իր նոր պաշտպանը լինի, սակայն գործարարը պնդեց, որ նրան չի ճանաչում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ, որ գործարարը հայտնվել է սնանկացման եզրին, ինչից հետո պարզվեց, որ Հայրապետյանի ունեզրկման հետ ուղղակի կապ ունի Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը:
Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում պարզեց, որ Աշոտ Սուքիասյանը, չարաշահելով գործարար Փայլակ Հայրապետյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ, ինչպես նաեւ Փ. Հայրապետյանին, նրա որդուն՝ Վարդան Հայրապետյանին, եւ ազգական Գագիկ Ղարիբյանին խաբերությամբ պատճառել առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ 453 մլն 198 հազար դրամի գույքային վնաս: Այս գործով Փայլակ Հայրապետյանը ճանաչվեց տուժող, իսկ Աշոտ Սուքիասյանին նախորդ տարվա հունիսի 17-ին մեղադրանք առաջադրվեց մի քանի հոդվածներով: Այս տարվա հունվարի 31-ին Թբիլիսիում հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը ձերբակալվեց: Աայժմ ընթանում է նրան Հայաստանին արտահանձնելու գործընթացը: