Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունների հետ կապված` օֆշորային մեքենայությունների գործով դատական նիստը:
Այսօր ցուցմունք տվեց գործով տուժող` գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել Սուքիասյանի հետ, ներդրում կատարել նրա բիզնես-ծրագրի համար և ներքաշվել օֆշորային օղակի մեջ:
Հայրապետյանը պատմեց, որ ադամանդագործությամբ և ոսկերչությամբ սկսել է հետաքրքրվել 2009-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել և հայտնել, որ Հայաստանը 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ է ստացել Ռուսաստանից, որից 100 մլն-ը՝ ադամանդի հումքի տեսքով: Տուժողի խոսքով՝ հետո էկոնոմիկայի նախարարությունում մասնակցել է ադամանդագործությամբ զբաղվող 23 ձեռնարկատերերի հետ գիտաժողովին, որտեղ էլ ծանոթացել է Աշոտ Սուքիասյանի հետ:
«Աշոտը պատմեց Աֆրիկայում ունեցած հանքերի մասին, ասաց, որ կարող է այնպես անել, որ Հայաստանը ադամանդագործության բնագավառում տարածաշրջանում առաջատար դառնա: Հետո՝ 20 օր անց, Աֆրիկայից հումքի նմուշներ բերեց: Բոլորը տեսան, հավանեցին»,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ դրանից հետո է համաձայնել ներդրում կատարել և գնի շուրջ բանակցել:
«Նմուշները բերելուց հետո, ես` որպես տարիքով մարդ, ձեռնարկատերերին ու Սուքիասյանին հրավիրեցի խնջույքի, որի ընթացքում բոլորը խմում էին Սուքիասյանի կենացը, որ նա նման բիզնես-ծրագիր է իրականացնելու»,- ասաց նա:
Գործարարը պատմեց, թե ինչպես է Սուքիասյանն իր գույքը գրավադրել բանկում: Մեղադրական եզրակացության մեջ նշված էր, որ Աշոտ Սուքիասյանը «Ամերիաբանկ»-ում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները և բանկից մաս-մաս ստացել 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Գրավադրվել է Հայրապետյաններին պատկանող գրեթե ողջ գույքը՝ (Ջերմուկում, Այգեստան թաղամասում գտնվող, «Հայրապետյան եղբայրներ» ընկերության շենքը, Բաղրամյան փողոցի տունը և այլ շինություններ ու հողատարածքներ):
Հայրապետյանը հայտնեց, որ իր կատարած ներդրման արդյունքում պետք 10 հազար աշխատատեղ ստեղծվեր: «Սուքիասյանը խոստացավ, որ 4 ամիս անց աշխատանքները կսկսվեն: Այդ ընթացքում ես 30 մասնագետ էի վարձել և պահել էի, որպեսզի Հայաստանից չգնան՝ մինչև կսկսենք գործունեությունը»,- ասաց նա:
Տուժողի խոսքով՝ Սուքիասյանն անընդհատ տարբեր պատրվակներով ձգձգում էր գործընթացը, սակայն ինքը հետևողականորեն հետաքրքրվում էր: Նա նշեց, որ անգամ իր երեխաներին տեղյակ չի պահել կատարած գործարքների մասին, քանի որ վստահել է Սուքիասյանին` հաշվի առնելով նրա կապը պետական պաշտոնյաների և Կճոյանի հետ:
«Ես հաճախակի էի նրանց` Աշոտենց տուն գնում, հետաքրքրվում էի գործարքով, մտնում էի նրանց տունը՝ պետք է խաչ համբուրեինք, մենք էլ մտածում էինք` սրբի դուռ ենք եկել»,- ասաց գործարարը:
Տուժողը պատմեց, որ որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ «Հայրապետյան եղբայրներ» ընկերություն են եկել ԴԱՀԿ աշխատակիցները և պահանջել ազատել շենքը` պատճառաբանելով, որ շենքի գրավադրվածը բանկում վճարումներ չեն կատարվել: «Զանգահարեցի Աշոտին, խոստացավ, որ վճարումներ կանի: Ինչքան գնում էի իրանց տուն, Կճոյանն էնտեղ էր, առանց զանգելու էլ էի գնում, էլի «սուրբն» էնտեղ էր, ինձ ասում էր` ամեն ինչ լավ ա լինելու: Հետո Կճոյանին ու Սուքիասյանին ճանապարհեցի Եվրոպա: Էլի ձգձգվեց: Մի օր, երբ նորից զանգեցի, հետը խոսեցի, ասաց, որ ինձ ոչինչ չունի տալու, ասում էր` իր բիզնեսը 30 կողպեքի տակ է գտնվում, իսկ ես հավատում էի, թե սրբությունների ու պետական այրերի հետ գործ ունեի»,- ասաց Հայրապետյանը:
Նա հայտնեց, որ դրանից հետո դիմել է ոստիկանություն, որտեղ իրեն 6 ժամ քննելուց հետո ասել են՝ գնա: «Հետո իմացա, որ գիշերը Աշոտին Վրաստանի սահմանին բռնել են, պասպորտը մոտից վերցրել, բայց հետո իրա մոտ եկան վարչապետն ու Կճոյանը ու պասպորտը վերցրին, տարան, սահմանն անցկացրին: Հետո ինձ զանգեց Աշոտի կինն, ասում ա` ուզում էիր, որ Աշոտին կալանավորեի՞ն, դա քո մոտ չի ստացվի»,- ասաց գործարարը:
Հայրապետյանը պատմեց, թե ինչպես է առանց իր զավակներին տեղյակ պահելու գնացել Աֆրիկա՝ կատարվածը պարզելու: «Երբեք Աֆրիկայում չէի եղել: Գնացի այնտեղ, զանգեցի Աշոտին, ասացի` հանդիպենք, խոստացավ գալ, բայց չեկավ, հետո իրավաբան վարձեցի, որ էնտեղ դատ անեն, նրան գոնե էնտեղ բռնեն, բայց իրավաբանը խորհուրդ տվեց վերադառնալ Հայաստան և մեր խնդիրներն այստեղ լուծել»,- պատմեց տուժողը:
Հայրապետյանի խոսքով՝ Աֆրիկայում անգամ Աշոտ Սուքիայանը կազմակերպել է, որ իրեն այնտեղ բռնեն, սակայն չի ստացվել: Հետո, երբ վերադարձել է Հայաստան, ընկերներից մեկը խորհուրդ է տվել դիմել «Հետք»-ին, որի իրականացրած հետաքննության արդյունքում էլ բացահայտվել է այս գործը: