Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում տրանսպորտի ուղեվարձը հոկտեմբերի 1-ից բարձրանալու է ` 70 դրամից դառնալով 100 դրամ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Դավիթ Միքայելյանը նշեց, որ տարիներ առաջ Ստեփանակերտում ուղևորափոխադրման երթուղիները սպասարկող կազմակերպությունները` «Ստեփանակերտ-սերվիս» և «Մհեր» ընկերությունները, հայտ են ներկայացրել քաղաքապետարան` ուղևորափոխադրումների սակագները վերանայելու խնդրանքով, որովհետև, այդ ընկերությունների հավաստմամբ, տրանսպորտի ուղեվարձի 70 դրամ սակագինը չի համապատասխանում ուղևորափոխադրող ընկերությունների ծախսերին: Այդ ընկերությունների հաշվարկներով` աճել են վառելիքի, ավտոպահեստամասերի և սպասարկման ծախսերը, մինչդեռ տրանսպորտի ուղեվարձը մնացել է նույնը:
Հաշվի առնելով այդ իրողությունը` «Մհեր» ընկերությունն առաջարկել է տրանսպորտի ուղեվարձը սահմանել 112 դրամ, իսկ «Ստեփանակերտ-սերվիս» ընկերությունը` 120 դրամ:
Քննարկումները շատ երկար են տևել, քանի որ Ստեփանակերտի քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս վերանայել հաշվարկները: Քննարկումների արդյունքում` քաղաքապետարանն առաջարկել է 100 դրամ սակագինը:
Դավիթ Միքայելյանի խոսքով` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ տրանսպորտի սակագնի բարձրացումը 30 դրամով պետք է սթափեցնի վերոնշյալ կազմակերպություններին, որպեսզի նրանք գործեն էլ ավելի բարեխիղճ և անթերի կատարեն պայմանագրային պարտավորությունները: Պետք է բարեկարգվեն ճանապարհները, պետք է ապահովվի լիարժեք սպասարկում, օրինազանց վարորդների նկատմամբ պետք է կիրառվեն տուգանքներ ու վարչական տույժեր:
«Քաղաքապետի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է` որ Ստեփանակերտի բնակիչն ամեն օր պետք է զգա, թե ինչով է պայմանավորված տրանսպորտի սակագնի բարձրացումը: Բնականաբար, քաղաքապետարանի համար հեշտ չի եղել նման որոշում կայացնելը, բայց ստիպված էին գնալ այդ քայլին, որովհետև ուղևորափոխադրող ընկերությունները վնասով էին աշխատում»,- ասաց Դավիթ Միքայելյանը:
Հարցին` արդյո՞ք տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ազգաբնակչությունը բողոքում է, Դավիթ Միքայելյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը մինչ այժմ չի ստացել դժգոհություններ կամ նամակներ:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս կուսակցությունը մայրաքաղաքի ազգաբնակչության շրջանում իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություն` պարզելու համար տրանսպորտի սակագնի բարձրացման հիմքերը և ընտանեկան բյուջեի վրա դրա ազդեցության չափը: Կուսակցության անդամները հանդիպելու են «Ստեփանակերտ-տրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուների հետ` նրանց կարծիքը պարզելու նպատակով:
«Ամեն ինչ դեռ պետք է պարզվի, որովհետև Ստեփանակերտում տրանսպորտի վիճակը զգալիորեն լավ է, կա նորմալ սպասարկում, ավտոբուսները գտնվում են լավ վիճակում, վարորդները աշխատում են նորմալ աշխատանքային ռեժիմով»,- ասաց Հայկ Խանումյանը:
Ազգաբնակչության բողոքների հետ կապված` նա կարծիք հայտնեց, որ, բացի ֆեյսբուքյան մի քանի գրառումներից, ավելի լուրջ բողոքի արտահայտություն մինչ այժմ չի եղել:
Ըստ Հայկ Խանումյանի` գուցե տրանսպորտի թանկացումը էականորեն չի ազդի մարդկանց ընտանեկան բյուջեի վրա, բայց այդ ամենը պետք է պարզվի ուսումնասիրությունների արդյունքում: Նրա խոսքով` կա լուրջ խնդիր, որ ուղևորափոխադրող ընկերությունները վնասով են աշխատում, իսկ վնասը փոխհատուցում է Արցախի ներդրումային հիմնադրամը:
Նա նշեց, որ Երևանի նույնատիպ վիճակից Ստեփանակերտում իրավիճակը տարբերվում է, որովհետև Երևանում ուղևորափոխադրումներն իրականացնում են մասնավոր ընկերություններ, որոնք, անկասկած, կոռուպցիոն մեխանիզմներով են աշխատում, և դրանց գլուխ կանգնած են Երևանի քաղաքապետը կամ ԱԺ նախագահը: Այնինչ Արցախում իրավիճակը այդպիսին չէ, և կա օբյեկտիվ հետազոտության խնդիր: