Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշումը շատ տեղին է, միայն այն պարագայում, երբ աշխատավարձերը եւ թոշակները եւս համապատասխանեին նորմալ կենսամակարդակ ապահովելու չափանիշներին. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի թանկացման խնդրին, կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նա կողմնակից է, որ ամեն ինչ համապատասխանի համաշխարհային չափանիշներին` ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ ապրանքների գինը, ե՛ւ թոշակները, ե՛ւ սոցիալական նպաստներն ու կոմունալ ծախսերը: Բաբայանի կարծիքով` երբ մենք ապրանքների մի մասն ենք դարձնում միջազգային ընդունված գներով, իսկ մյուս մասի համար ասում ենք` չէ, այ սա չի կարելի անել, քանի որ դրա հնարավորությունը դեռ չունենք, ստեղծվում է այսպիսի հակադրություն:
«Օրինակ` մեր թատրոնի տոմսերը տասն անգամ ավելի մատչելի են, քան աշխարհում ընդունված` տիկնիկային թատրոնների տոմսերը, բայց մենք չենք կարող դրանց գինը բարձրացնել, քանի որ հասկանում ենք մեր բնակչության սոցիալական վիճակը: Տրանսպորտի թանկացումից կտուժի ժողովուրդը: Ես դասավանդում եմ եւ տեսնում եմ, որ ուսանողները հիմնականում գալիս են երթուղայինով, եւ նրանց 90 տոկոսը սովորում է վճարովի համակարգում, ինչն արդեն մեծ գումար է»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` եթե նույնիսկ այդ որոշումը ցանկանում են կյանքի կոչել, պետք է մշակվի սոցիալական մի մեծ ծրագիր, որի շնորհիվ որոշ մարդիկ իրավունք կունենան որոշակի զեղչերից օգտվել կամ էլ ինչ-որ տեղից հավելյալ գումար ստանալ:
Թանկացման հետեւանքով, Բաբայանի հավաստմամբ, ինչ-որ մի բանից մարդիկ կտրելու են իրենց, իսկ մեր փորձը ցույց է տալիս, որ մենք վնասում ենք մեր բնակչության առողջությունը:
«Մարդիկ սկսել են ուտել ավելի անորակ սնունդ, սթրեսային վիճակից ավելի շատ են ծխում, խմում, իսկ խմում են անորակ խմիչքներ: Մենք մեծ խնդիրներ ունենք` կապված մեր ազգաբնակչության առողջության հետ. կանաչ գոտիները, որ Երեւանում իսպառ վերանում են, վերջին տարիներին քաղցկեղի տարածումը, այս ամենը մեր գործունեության հետեւանքներն են»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ մենք փորձում ենք ինչ-որ բան շահել` հաշվի չառնելով, թե դրա հետեւանքով ինչեր ենք կորցնում: