Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նանկինի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի հաշվին ևս մեկ մեդալ կավելանա. 58 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքաելյանը, հաղթելով Ա խմբի իր երեք մրցակիցներն, մտավ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Արսլան Զուբայրովի հետ:
Զավենն իր առաջին գոտեմարտում 4:0 հաշվով պարտության է մատնել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչին, նույն հաշվով հաղթել է նաև իր խմբում ընդգրկված թունիսցի և արգենտինացի ըմբիշներին ու մտել եզրափակիչ:
Հատկանշական է, որ Միքայելյան-Զուբայրով եզրափակիչ արդեն այս տարի եղել է: Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում ավելի ուժեղ է գտնվել Ռուսաստանի պատվիրակը, սակայն Նանկին մեկնելուց առաջ ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից պատվախնդիր ըմբիշն ասել էր. «Ինձ համար միևնույն է` եթե նույնիսկ ռուսաստանցու հետ անցկացնեմ առաջին գոտեմարտս, պետք է հաղթեմ: Ես Նանկին մեկնում եմ հաղթելու նպատակով»:
Դե ինչ, Սամվել Գևորգյանի սանը հնարավորություն է ստացել վրեժխնդիր լինելու Եվրոպայի առաջնության եզրափակիչում կրած պարտության համար: Հուսանք, որ այդպես էլ կլինի` Զավենը կկանգնի պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Հիշեցնենք, որ հայ մարզիկները, ի պատիվ ծանրորդներ Հակոբ Մկրտչյանի և Սիմոն Մարտիրոսյանի, արդեն նվաճել են երկու ոսկե մեդալ: Եվս մեկ արծաթե պարգև Հայաստանին պարգևել է հրաձիգ Հրաչ Բաբայանը:
Աղբյուր` Wrestling.am