| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում ընթանալու են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերը, որի ծրագրում տեղ գտած մարզաձևերից 8-ում պատրաստվում են մասնակցել նաև Հայաստանի 14 պատանի մարզիկներ:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը ներկայացնում է նրանցից մեկին` հունահռոմեական ոճի 58 կգ քաշային կարգի ըմբիշ, պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Միքայելյանին: Իր քաշի համեմատ բարձրահասակ, նիհարավուն ըմբիշ է 17-ամյա Զավեն Միքայելյանը (58 կգ), սակայն խաբուսիկ է նրա արտաքինը, քանզի ունի ուժեղ մկանախմբեր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը զրույցի ժամանակ ասաց, որ Զավենը Նանկինում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեց Եվրոպայի` այս տարվա առաջնությունում, որտեղ գրավեց երկրորդ տեղը:
Զավենը Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղի բնակիչ է: Նրա անձնական մարզիչն է վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանը: Պատանին գրոհային ոճի ըմբիշ է: Սիրում է կանգնած դիրքից, արագության ներքո կատարել փոխադրում հնարքը և այդ կերպ ճնշել մրցակիցներին: Հունահռոմեական ոճի ըմբիշը տասնյակ դասական այլ հնարքների է տիրապետում: Սակայն նա ունի նաև թերություն. չի կարողանում իր կուռ մկանախմբերը համախմբել: Օրինակ` միայն գոտկատեղի ուժով է փորձում կատարել պոկում հնարքները, և սա նրան թուլացնում, հոգնեցնում է: Թերությունը շտկելու ուղղությամբ մարզիչներն աշխատել են այս մրցաշրջանում արդեն կայացած ուսումնամարզական հինգ հավաքներում: Հայաստանի պատանեկան հավաքականը շուտով կմեկնի Սլովակիա՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու: Զավենը կմնա տանը և անձնական մարզչի ղեկավարությամբ կշարունակի հղկել մասնագիտական գործողությունները:
Զավեն Միքայելյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության կազմում Նանկին կմեկնի պատվո պատվանդանին կանգնելու վճռականությամբ: