կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-09 23:59
Սպորտ

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի  ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մեդալներ խաղարկեցին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մասնակիցները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մրցագորգ ելած մեր 4 պատվիրակներից և ոչ մեկը չկարողացավ միջամտել մեդալների համար մղվող մրցապայքարին: 50 կիլոգրամ քաշային Մխիթար Գրիգորյանը առաջին իսկ գոտեմարտում՝ 1/16-րդ փուլում, 6:14 հաշվով պարտվեց իրանցի Սաբեր Շարեստանիին: Վերջինս էլ անհաջողության մատնվեց քառորդ եզրափակչում՝ ուզբեկստանցի Մադուջան Շավկատովի հետ գոտեմարտում (0:4):


60 կիլոգրամ քաշային Գոռ Գրիգորյանը ևս 1/16-րդ փուլում անհաջողության մատնվեց: Նա իր այս առաջին գոտեմարտում 3:9 հաշվով զիջեց ուկրաինացի Իվան Բիլեյչուկին: Ուկրաինայի պատվիրակն էլ քառորդ եզրափակչում 0:11 հաշվով տանուլ տվեց Իրանի ներկայացուցչին, ու մեր ըմբիշը զրկվեց սփոփիչ փուլին մասնակցելու հնարավորությունից: 74 կիլոգրամ քաշային Տիգրան Մնացականյանը, ով նույնպես պայքարն սկսել էր 1/16-րդ փուլից կարողացավ 8:3 հաշվով առավելության հասնել մոլդովացի Լուրի Չեռնիցայի նկատմամբ: Սակայն 1/8-րդ փուլում նա էլ 3:8 հաշվով պարտվեց է ռումինացի Գեորգի Բոդիցեանուին: Վերջինս էլ հաջորդ փուլում 5:16 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Մուրադ Էրթուրքին:

 

Այս ֆոնի վրա համեմատաբար առավել հաջող էր Հայաստանը ներկայացնող 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլու ելույթը: Նա էլ պայքարը սկսելով 1/16-րդ եզրափակիչ փուլից՝ 12:0 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Անկիտ Անկիտին, 1/8-րդ եզրափակիչ փուլում 8:0 հաշվով առավելության հասավ նաև Ղազախստանի պատվիրակ Էլխան Ասադովի նկատամամբ: Ցավոք, քառորդ եզրափակչում Վիկտորը 0:6 հաշվով պարտվեց իրանցի Պեդրամ Ջամշիդին: Իսկ վերջինս է իր հերթին կիսաեզրափակչում 0:11 հաշվով զիջեց ռուսաստանցի Գերգիլ Գոգաևին: Այդպես, Կազիշվիլին նույնպես զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Վաղը՝ օգոստոսի 10-ին, մեդալների համար կպայքարեն 55, 66, 84 և 120 կգ քաշային ազատ ոճի երիտասարդ ըմբիշները: Հայաստանը պատվիրակ չի ունենալու 84 կգ և գերծանր՝ 120 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Խորեն Թեմուրյանը, իսկ 66 կգ-ում ՝ Արեն Ալեքյանը: Նշենք, որ 5 5կգ-ում Ուկրաինան ներկայացնելու է Արմեն Առաքելյանը:

 

Աղբյուր՝ Wrestling.am