կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-09 14:05
Սպորտ

Ծանրամարտ. Հայաստանի հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Ալմաթիում

Ծանրամարտ. Հայաստանի հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Ալմաթիում

Հայաստանի առաջատար ծանրորդները շարունակում են լրջորեն նախապատրաստվել նոյեմբերի սկզբին Ալմաթիում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: ՕԼԻՄՊԻԱԿԱՆ վարկանիշային առաջնություն տանող ճանապարհին հայ ձյուցազունները հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ  6-7 ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Այժմ մեր ծանրորդները հավաքի մեջ են Աբովյանում: Այս առիթով ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է  Պողոս Պողոսյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:

 

-Պարոն Պողոսյան, նախորդ հավաքը նվիրված էր ծանրորդների ընդհանուր ֆիզիկական պատրաստությանը: Այս անգամ, ի՞նչ խնդիր եք լուծում:

-Այս պահի դրությամբ բոլոր ծանրորդների մարզավիճակը բավարար է, հիմնական շեշտը կրկին դրվել է ֆիզիկական պատրաստվածությանը: Օգոստոսի 10-ին ավարտում ենք աշխարհի առաջնության նախապատրաստական 2-րդ փուլը: Իսկ 14-ին նորից կմեկնենք Ծաղկաձոր, այնտեղ կշարունակենք ֆիզիկական պատրաստվածությանը շեշտադրված մարզումները: Սեպտեմբերի 4-ին մեկնելու ենք Թեոդոսիա, որտեղ արդեն հիմնական շեշտը դրվելու է տղաների տեխնիկայի կատարելագործմանը, նաև զարգացնելու ենք արագաուժայինն ու ճկունությունը:

 

-Ընդհանուր առմամբ քանի՞ հավաք է նախատեսված:

-Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը կազմված է լինելու 7 հավաքից: Թեոդոսիայից հետո էլ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք Ծաղկաձորում և Աբովյանում, այնուհետև հոկտեմբերի 17-ից Ալմաթիում վերջին ուսումնամարզական հավաքը տեղի կունենա: Համ կընտելանք տեղի բնակլիմայական պայմաններին, համ էլ վերջին տեխնիկատակտիկական շտկումներ կկատարենք: Իսկ նոյեմբերի 4-ից կմասնակցենք աշխարհի առաջնությանը:

 

-Տեսնում եմ, որ այնքան էլ մեծ թվով ծանրորդներ չեն ներգրավված ուսումնամարզական հավաքին:

-Հավաքին մասնակցում է այն ութնյակը, որ պետք է հանդես գա աշխարհի առաջնությունում: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69՝ Վանիկ Ավետիսյան, 77՝ Արա Խաչատրյան, Տիգրան Մարտիրոսյան, 85՝ Աղասի Աղասյան, 105՝ Սարգիս Մարտիրոսյան, +105՝ Ռուբեն Ալեքսանյան, Հայկ Հակոբյան:

 

-Իսկ պահեստային ծանրորդների կարիք չկա՞:

-Որպես պահեստային նախատեսել ենք Սիմոն Մարտիրոսյանին: Աստված տա նա Նանկինի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում արդարացնի ֆեդերացիայի ղեկավարության և մարզիչների հույսերը, հետո միանա մեծահասակների հավաքականին:

 

-Իսկ ինչպե՞ս է հնարավոր երեք ծանրքաշային ունենալ աշխարհի առաջնությունում:

-Սիմոնը իրականում այնքան էլ ծանր չէ: Նա պատանիների մեջ է հանդես գալու գերծանրքաշայինների պայքարում, իսկ մեծահասակների մեջ նրան նախատեսել ենք փորձարկել 105 կգ քաշային կարգում: Սիմոնը այժմ 109-110 կգ-է կշռում և այդ 4-5 կիլոգրամը իջեցնելը հեշտ տրվող խնդիր է: