Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տաջիկստանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե մոտ ժամանակներս Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ: Հայտարարությունն արվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր, ոլորտային պատժամիջոցներ սահմանելուց հետո: Ուկրաինական ճգնաժամի պատճառով կիրառված այդ պատժամիջոցները տարածվում են Ռուսասատանի ֆինանսական, ռազմաարդյունաբերության և էներգետիկ ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների վրա, որոնք տարբեր կարգավիճակներով ներկայացված են նաև ԱՊՀ երկրների շուկաներում:
Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների համար սահմանափակվել է մուտքը կապիտալի և ֆինանսական շուկա: Այս պայմաններում Մաքսային միությանը Հայաստանի մոտալուտ անդամացկության մասին Լավրովի հայտարարությունը, ցույց է տալիս, թե Մոսկվան որքան է շահագրգռված Եվրասիական տնտեսական միությունը շուտափույթ կյանքի կոչելու հարցում:
ՌԴ-ի շահագրգռվածությունը հասկանալի է. պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսության կրելիք հնարավոր վնասները, որոնք նախնական հաշվարկներով կարող են կազմել մոտ 100մլրդ դոլար, հնարավորինս մեղմելու, կոմպենսացնելու ամենահարմար տարբերակը դառնում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի շրջանակում ընդգրկված երկրների հետ ավելի սերտ, Արևմուտքի կողմից ավելի քիչ վերահսկելի տնտեսական հարաբերությունների կառուցումը: Իսկ դրա համար Եվրասիական տնտեսական միությունն ամենանպաստավոր պլատֆորմն է:
Եվ գրեթե կասկած չկա, որ ինքնափրկության մակույկի դեր կատարող այդ միությունը գործարկելու համար Մոսկվան առաջիկայում կրկնապատկելու է ջանքերը: Բայց որքան ԵՏՄ-ի ստեղծումը փրկության հույս է Ռուսաստանի համար, նույքան կարող է գերեզման դառնալ ԵՏՄ-ին անդամակցող կամ պոտենցիալ անդամներ հանդիսացող երկրների` Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի համար:
Վերջիններս հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանն այս պարագայում շատ ավելի հիշեցնում է խորտակվող մի նավի, որը կարող է օվկիանոսի հատակն իջեցնել նաև իրեն կցված նավակները: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ՄՄ անդամ երկրներին` Ղազախստանին և Բելառուսին, որոնք մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին ԵՏՄ-ն 2015թ. գործարկելու մասին պայմանագիրը: Նախորդ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հերախոսազրույցի միջոցով ուկրաինական ճգնաժամի և դրա հետևանքների հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի պետ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության «զարգացման հեռանկարները»:
Հետաքրքրականն այն է, որ դրանից անմիջապես հետո նախագահ Նազարբաևը Ղազախստանի տնտեսության վրա ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների հարցը քննարկել է երկրի վարչապետի և իր ապարատի հետ: Եթե այս հաղորդագրությունն ազատենք դիվանագիտական պաճուճապատանքից, ստացվում է, որ Նազարբաևը քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պարագայում ինչպես ռուս-ղազախական երկկողմ տնտեսական հարաբերությունների, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության գործարկման նպատակահարմարության հարցը:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա վերջինս արդեն «իմունիտետ» ունի արևմտյան պատժամիջոցների հանդեպ: Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման մեջ նախագահ Լուկաշենկոն իր համար շատ ավելի հնարավորություններ, քան վտանգներ է տեսնում: Բայց թե Բելառուսին, և թե Ղազախստանին միավորում է այն, որ նրանք հակված չեն հանուն Ռուսաստանի շահերի սպասարկման, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում բարդություններ ստեղծել իրենց համար և շարժվել Ռուսաստանի` տնտեսական ինքնամեկուսացման ճանապարհով: Նրանք այս դիրքորոշումը հստակեցրել են դեռ այն ժամանակ, երբ մերժեցին ուկրաինական ապրանքների համար իրենց շուկաները փակելու Մոսկվայի առաջարկը: Եվ ահա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵՏՄ-ի ստեղծումը վերստին պայմանավորվում է հենց այս երկու երկրների որդեգրելիք մարտավարությամբ:
Իսկ դա իր հերթին կախված կլինի նրանից, թե պատժամիջոցների հետևանքով մինչև առաջիկա հունվար ինչպիսի ազդեցության կենթարկվի Ռուսաստանի տնտեսությունը և դա որքանով կսպառնա իրենց ազգային տնտեսություններին: Ամեն դեպքում չի կարելի բացառել, որ դա շատ ավելի տևական ժամանակ պահանջի, ինչը ստիպի Մինսկին և Աստանային հնարավորինս ձգձգել ԵՏՄ-ի գործարկումը: Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, Արևմտյան սանկցիաները թե Մինսի, և թե Աստանայի համար Ռուսաստանից նոր տնտեսական ու քաղաքական զիջումներ կորզելու հնարավորություններ են ստեղծում:
Չի կարելի բացառել, որ հատկապես Ղազախստանի պարագայում դա կառնչվի նաև Հայաստանի անդամացկության հարցը ևս որոշ ժամանակով հետաձգելու պայմանի առաջադրմանը: Իսկ դա նշանակում է, որ չնայած Հայաստանին եվրասիական այդ «ակումբում» տեսնելու` արդեն ավելի շոշափելի դարձող ցանկությանը, Ռուսաստանը ստիպված լինի կատարել Աստանայի պայմանը: Առկա իրավիճակում, երբ դժվար է ասել` Ռուսաստանի պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության և այդ երկրից ներհոսող մասնավոր տրանսֆերտների վրա, դա Երևանին ոչ միայն ժամանակ շահելու, այլ նաև տնտեսությունը հնարավորինս մոդեռնիզացնելու և բազմավեկտոր դարձնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու հնարավորություն կտա:
Եթե ղազախական և բելառուսական կողմերը նույնիսկ չփորձեն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու միջոցով կրկին նրանից դիվիդենտներ քաղել, Հայաստանը, հիմնվելով Ռուսաստանի համար ԵՏՄ-ին իր անդամակցության հարցում ի հայտ եկող նոր հնարավոր շահագրգռությունից, կարող է հանդգնել (լավ իմաստով) իր պայմաններն առաջադրել` կապված ԼՂ-ից մաքսակետերով սահմանազատվելու հարցը վերջնականապես օրակարգից հանելու հետ:
Այսինքն որքան այս սանկցիաներն իրենց մեջ ռիսկեր, այնքան էլ զարգացման պոտենցիալ են պարունակում:
Խնդիրը չի վերաբերում կրկին դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հերթական կտրուկ շրջադարձ կատարելուն: Դա ոչ միայն անլուրջ կլիներ, այլև վերջնականապես կխաթարեր հայ-ռուսական առանց այն էլ գրեթե ձևական բնույթ կրող գործընկերային հարաբերությունները` դրանից բխող հետևանքներով: Այս իրավիճակը ԵՏՄ-ի կապանքներից ազատագրվելու և հնարավորինս չեզոք տնտեսական ու քաղաքական դիրք գրավելու շանս է ստեղծում, որն ուղղակի չի կարելի վատնել:
Գևորգ Դարբինյան