կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 15:39
Քաղաքական

Քաղաքականություն՝ առանց քաղաքական համակարգերի կամ ճամբարափոխության մարտնչող ուրվականը

Քաղաքականություն՝ առանց քաղաքական համակարգերի կամ ճամբարափոխության մարտնչող ուրվականը

Պետության քաղաքական համակարգի ու քաղաքական մշակույթի ձևավորումը տևական գործընթաց է, որն ուղեկցվում է աստիճանական զարգացումներով ու փոխակերպումներով. մանավանդ նորանկախ պետությունների պարագայում, երբ, սովորաբար, ի դեմս կուսակցությունների, քաղաքական դաշտի դերակատարների մեծ մասը ինստիտուցիոնալ պատմություն չունեն։ Այս պարագայում, կարևոր խնդիրը թեկուզ դանդաղ, բայց որոշակի դինամիկա ունեցող զարգացման շարունակականության ապահովումն է, և նաև, դաշտում արդեն գոյություն ունեցող ինստիտուցոնալացված ուժերի ներուժի գնահատումն ու օգտագործումը։

Կուսակցության ինստիտուտը, որպես քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույց և ժողովրդի քաղաքական սոցիալականացումն ապահովող գործոն, պատշաճ ընկալում չունի Հայաստանի հասարակաքաղաքական զարգացումներում և հասարակության մեջ ընդհանրապես, մինչդեռ պետության բազմակուսակցական համակարգի կայացվածությունն ու կայունությունը ազգային անվտանգային նշանակության գործոններ են։

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարված իշխանափոխությունը ժողովրդի մի ստվար հատվածի մոտ հույսեր ծնեց նաև գիտելիքահեն քաղաքական պայքարի, քաղաքական մշակույթի ձևավորման և ընդհանրապես կուսակցական գործունեության այնպիսի պայմանների ու բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման հետ կապված, որը կտարբերվեր անցյալի արատավոր բարքերից ու կուսակցական մարդու ընկալումը ժողովրդի աչքում բոլորովին այլ կլիներ։ Սա իր հերթին պիտի հնարավորություն տար, որ շատ ու շատ երիտասարդներ և ընդհանրապես կարող քաղաքացիներ ինքնաիրացվեին քաղաքական պայքարի մեջ։

Ցավոք սրտի հետգարնանային իրադարձությունները ակնհայտ դարձրեցին, որ գաղափարական հենքի վրա բազմակուսակցական համակարգի կայացումը, կուսակցական լինելու հանրային ընկալումը, կուսակցությունների վարկի ու դերի բարձրացումը և ընդհանրապես կայուն ու հարգալից քաղաքական պայքարը իրականությունից կտրված սին հույսեր էին։ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը ոչ միայն չկարողացավ ազատվել «մարդ-կուսակցությունների» արատավոր սինդրոմից՝ իրենից բխող ամենաբացասական երևույթներով, այլև հանգեցրեց «անհատի պաշտամունքի» տխրահռչակ դարաշրջանի մերօրյա զավեշտալի փոխակերպումների։

Քաղաքական համակարգի առողջացման հույսը հիմնահատակ կոտրվեց հենց առաջին քաղաքական մրցավազքում՝ Երևանի ավագանու ընտրություններում, երբ իշխող ուժը հասարակությանը և քաղաքական դաշտը ուղղակիորեն բաժանեց սևերի և սպիտակների։ Այս պահից այլևս ակնհայտ էր, որ Հայաստանի քաղաքական մշակույթը ոչ միայն առողջացման ազդակներ ցույց չի տալու, այլ նաև, հընթացս, ընկղմվում է ապաինստիտուցոնալացման նոր ճահճի մեջ։

Հայաստանի քաղաքական համակարգի ախտաբանական հաջորդ ցուցիչը կուսակցափոխության երբեք չդադարող գործընթացն է, և դա այն դեպքում, երբ դաշտի հիմնական դերակատար կուսակցություններից ոչ մեկի քաղաքական գաղափարախոսությունը չի կրկնում մյուսին։ Եվ երբ կուսակցափոխ են լինում պետական կառավարման համակարգի կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք, հասկանում ես, որ խնդիրն առավել քան լուրջ է, իսկ քաղաքական բարոյականության չափանիշները՝ առավել քան նվազ․․․

Հայաստանում կուսակցական մարդու հանրային ընկալումը չի առողջանում առաջին հերթին նրա համար, որ մարդը անդամագրվում է որևէ կուսակցության՝ հաշվի առնելով ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը, այլև ժամանակավրեպ քաղաքական դիրքորոշումը։ Մինչդեռ կուսակցական դառնալը նախ և առաջ նվիրում է գաղարափախոսությանն ու նպատակներին, այն կրող ու փոխանցող մարդկանց, կազմակերպական ու քաղաքական թիմին…

Խնդրի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ խորհրդարանական պետության կառավարման ղեկին է մոտենում մի ուժ, որին խանդավառորեն անդամագրվում են և՛ լիբերալը, և՛ պահպանողականը, և՛ սոցիալիստը, և՛ ազգայնականը, բայց ամենավտանգավորն այն է, որ շռնդալից կերպով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են անդամագվում նաև քաղաքականապես գաղափարազուրկները և ճամբարափոխները։ Ընդ որում այս գործընթացը ողջունվում է ամենաբարձր մակարդակով…

Հայաստանի ներքաղաքական զարգացումները միշտ էլ բնորոշվել են տարբեր տրամաչափի գործիչների պիջակների վրա կուսակցական տարբերանշանների հերթապահ փոփոխություններով, բայց այդ իրավիճակի կրկնությունը, ներկա քաղաքական զարգացումներում, մեղմ ասած չի տեղավորվում «նոր իրողությունների» համատեքստում, չնայած, կրկնվենք՝ քաջալերվում է հեղափոխական առաջնորդների կողմից։

Կուսակցությունների կազմակերպական ամրությունն ուղիղ համեմատական է նրանց քաղաքական դրամագլխին, պատմական փորձին և ներքին կոլորիտին, խաղի գրված ու չգրված կանոններին և կախված է ներսում բոլորի համար ընդունելի արժեչափերից։

Ինստիտուցիոնալացվածության տեսանկյունից Հայաստանի քաղաքական դաշտի առաջատարը անշուշտ Դաշնակցությունն է։ Այստեղ երկու կարծիք չկա նույնիսկ կուսակցության ընդդիմադիրների շրջանում և ամենևին էլ պատահական չէ, որ կուսակցությունը ներկազմակերպական առումով հաջողությամբ դիմագրավում է ներքաղաքական ցնցումները և երբեք աչքի չի ընկել կուսակցականների ճամբարափոխությամբ, որովհետև հավաքական կառավարմամբ Դաշնակցության անդամը, որպես դաշնակցական երդվել է հանուն այլ արժեքների ու այլ նվիրումի, որը վեր է անձերից ու ժամանակավրեպ քաղաքական զարգացումներից…

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններ իրականացնել քաղաքական համակարգի գրեթե կոլապսային վիճակի պայմաններում, ինչը երբեք չի կարող հանգեցնել մրցակցային ընրությունների և օբյեկտիվ ընտրության արդյունքում ձևավորված խորհրդարանի։ Նախորդ շրջանից մնացած արատավոր բարքերի՝ հանուն պաշտոնի կամ ի տուրք ճնշումների ճամբարափոխության «հեղափոխական լեգիտիմացումը» առավել քան նախկինում, նսեմացնում են քաղաքական արժեչափերը ու ցրում քաղաքական համակարգի առողջացման հանրային սպասումներն ու հույսերը։

Վերոգրյալի համատեքստում կարող ենք եզրակացնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չեն նպաստելու Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացմանն ու քաղաքական համակարգի առողջացմանը, այլև էականորեն վտանգելու են հանրընկալելի և իրապես քաղաքական գործընթացներ տեսնելու ժողովրդական սպասումների իրականացումը։

Գևորգ Ղուկասյան

Բրյուսել, 06․11․2018թ․