կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 19:00
Առանց Կատեգորիա

Ինչպես փրկել Մինսկի խմբի ձևաչափը, կամ Հայաստանի «ոչ»-ի արժեքը

Ինչպես փրկել Մինսկի խմբի ձևաչափը, կամ Հայաստանի «ոչ»-ի արժեքը

Հուլիսի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող զենք, զինամթերք վաճառել Ադրբեջանին, քանի որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հարգում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից հաստատված դրույթները հակամարտության մեջ գտնվող երկրներին զենք, զինամթերք վաճառելուց ձեռնպահ մնալու մասին: Ֆրանսիայի դեսպանն այս հայտարարությամբ պատասխանել է հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում իր երկրի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու մտադրության մասին լուրերը: Սակայն դեսպանը շեշտում է Ֆրանսիայի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր լինելու հանգամանքը, ինչով ոչ այնքան ժխտում է ինքնին Ադրբեջանին զենք վաճառելու մասին տեղեկությունները, որքան ակնարկում է, որ հատկապես ՄԽ համանախագահող երկրները նման բան անելու իրավունքը չունեն:

 

Մինսկի խմբի երեք համանախագահներից միայն մեկը` Ռուսաստանն է ինտենսիվորեն հարձակողական զենք վաճառում Ադրբեջանին: Պարզ է, որ դեսպանը ոչ միայն հենց Մոսկվային է ակնարկում, այլև գրեթե բաց տեքստով արտահայտում է վերջինիս այդ գործողություններից իր դժգոհությունը: Սակայն Ռուսաստանն Ադրբեջանին զինտեխնիկա է վաճառում 2011-ից, եթե ոչ` ավելի վաղուց: Առնվազն տարօրինակ է, որ չնայած այդ ամբողջ ընթացքում Հայաստանի հասարակական, փորձագիտական շրջանակներից շարունակ ահազանգերի հնչեցմանը, Ֆրանսիան, որպես ՄԽ համանախագահող երկիր, միայն հիմա է դրանց փաստացի արձագանքում: Դեսպանի այս աննախադեպ հայտարարությունը թե' բովանդակային և թե' ժամանակային առումով ամբողջությամբ համընկավ արգենտինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած` նույնքան անակնկալ ու աննախադեպ այն հայտարարությանը, թե Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստից և Մոսկվային ուղղված հիշեցմանը, որ նա պարտավորություններ ունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում:

 

Դժվար թե Անրի Ռենոի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները համաձայնեցված էին: Բայց այն հանգամանքը, որ դրանք հնչեցին միևնույն շնչով ու ոգով, ցույց է տալիս այս հարցում Հայաստանի և ՄԽ մյուս համանախագահող երկրների մոտեցումների կամ նույնիսկ շահերի հանգրվանային համընկնման իրողությունը:

 

Մինչ Ֆրանսիայի դեսպանը և ՀՀ նախագահը կբարձրաձայնեին հակամարտության կարգավորման պրոցեսում Ռուսաստանի որդեգրած կուրսի փաստացի ապակառուցողականության մասին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, թե ԼՂ հակամարտությունում ստատուս քվոն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում: Ուորլիքը չէր մանրամասնել, թե ի՞նչը նկատի ունի` Ադրբեջանի սպառազինո՞ւմը ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու համար, Հայաստանի կողմից զիջումների չգնալու հանգամա՞նքը, ինչի մասին ինքն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնն ակնարկում են արդեն երեք ամիս շարունակ, թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանի այդ ապակառուցողականությունը: Սակայն պնդումը Ուորլիքն արել էր ՄԽ համանախագահների հետ հանդիպման մեկնելուց առաջ, որի ընթացքում, ըստ նրա, պետք է քննարկվեին բանակցային գործընթացը ներկայիս պատային վիճակից հանելու ուղիները: Այս իմաստով նրա ուղերձն առնվազն կարելի է Ռենոյի և Սարգսյանի հայտարարություններին լրացում համարել:

 

Հայտնի չէ` կայացե՞լ է համանախագահների` Ուորլիքի ակնարկած հանդիպումը: Որևէ տեղեկատվություն չկա այն մասին, թե եթե կայացել է, ապա որտեղ, ինչ օրակարգով և ամենակարևորը` արդյո՞ք բոլոր երեք համանախագահները ներկա են եղել: Բայց ամենաէականն այն է, որ որոշ ժամանակ անց ու, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հենց Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումը կատարեց թվիթերյան իր միկրոբլոգում` նշելով. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, միասնական տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցում: Կարգավորումը հնարավոր է»:

 

Ուշադրություն դարձնենք` Ուորլիքը կարգավորումը հնարավոր համարելու համոզմունքն արտահայտում է` ոչ թե ելնելով բանակցող կողմերի մոտեցումներից կամ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունից, ինչպես եղել է միշտ, այլ համանախագահող երկրների միջև կարգավորման հարցում համատեղ աշխատելու և միասնական տեսակետ ունենալու պոտենցիալի գնահատումից: Սա շատ նուրբ պահ է, որը մատնում է միջնորդական առաքելության շրջանակում Ռուսաստանի ազնիվ խաղալու հարցում առնվազն ԱՄՆ-ի ունեցած կասկածների մասին: Այս ֆոնին ներդաշնակ է հնչում նաև Ֆրանսիայի դեսպանի արտահայտած մտահոգությունը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու փաստի մասին: Միակ հարցը մնում է այն, թե ինչո՞ւ է Ուորլիքը եկել այն համոզման, որ այդ կասկածները, ըստ էության, փարատվել են, և որ համանախագահողների միջև փոխադարձ վստահությունը վերականգնվել է: Չի բացառվում, որ այդպիսի հավաստիացումներ նա ստացել է ռուս համանախագահ Իգոր Պոպովից` համանախագահների վերոնշյալ, առայժմ խիստ խորհրդավոր թվացող հանդիպման ընթացքում: Սակայն շատ ավելի հավանական է թվում, որ այդ ինքնավստահությունը Ուորլիքին ներշնչել են հենց Սերժ Սարգսյանի` Արգենտինայից արված ուղերձները և նուրբ դեմարշը Ռուսաստանի նկատմամբ, որը պաշտոնական Վաշինգտոնին բերել է այն եզրակացության, թե Երևանը որոշել է դիմադրել և կանխարգելել ղարաբաղյան գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից հանելու, գուցե նաև մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու և ռուսական խաղաղապահներին շփման գծում տեղակայելու` ռուս-ադրբեջանական համատեղ ձեռնարկին, ինչը հնարավոր էր միակողանի իրականացնել միայն Երևանի բացահայտ կամ լուռ համաձայնության պարագայում:

 

Իսկ Հայաստանն այս անգամ, փաստորեն, չլռեց: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս ընթացքում մի քանի անգամ կրկնեց թե' կարգավորումը ՄԽ ձևաչափից հանելու և թե' շփման գոտում խաղաղապահներ տեղակայելու մոտեցումների` Հայաստանի համար անընդունելի լինելու մասին, ինչը ոչ միայն ցույց էր տալիս իրադրության վտանգավորությունն ու լրջությունը, այլև իր խորքում պարունակում էր, գուցե, Արևմուտքի աջակցություն ստանալու թափանցիկ, բայց լուռ ակնարկ: Եթե այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առնվազ երկու համանախագահող երկրների միջև ձևավորվել է հազիվ նշմարելի, հեռակա յուրօրինակ մի տանդեմ` փրկելու համար Մինսկի խումբը դրա դեմ ուղղված` Ռուսաստանի միակողմանի սադրանքներից: Գևորգ Դարբինյան