կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 18:26
Առանց Կատեգորիա

Տեղեկատվական փնթիությու՞ն, թե՞ սիրողական անվտանգություն

Տեղեկատվական փնթիությու՞ն, թե՞ սիրողական անվտանգություն

4-5 օր առաջ Վանաձորում և Վարդենիսում իսկական խուճապ էր: Վանաձորում պատճառը մեկ օրվա ընթացքում երկու անգամ արձանագրված՝ համեմատաբար թույլ երկրաշարժերից հետո բնակիչների շրջանում տարածված տեղեկություններն էին, թե իբր տագնապ է հայտարարվել սպասվող ուժեղ երկրաշարժի կապակցությամբ, և հիմնարկներից, աշխատավայրերից մարդկանց մասշտաբային տարհանում է իրականացվում:

 

Կայծակնային արագությամբ տարածվող այս տեղեկությունների հետևանքը եղավ այն, որ մարդիկ շտապեցին բնակարաններից ու տներից դուրս գալ, երկրաշարժի սպասումով ժամեր անցկացնել բակերում և, ամենակարևորը, չհավատալ տարածված լուրերը հերքելու վերաբերյալ պետական իրավասու մարմինների հավաստիացումներին:

 

Վարդենիսում իրարանցման տեղիք էին տվել լուրերն այն մասին, թե ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել, որը թունավորել է քաղաքին մատակարարվող ջուրը և առևանգել քարվաճառցի 14-ամյա մի պատանու:

 

Մարդիկ մասսայաբար հրաժարվել էին օգտվել բնակարաններին մատակարարվող ջրից: Իրավիճակն ավելի խուճապային էր դարձել նաև երկնքում պտտվող, հավանաբար, դիվերսանտներին փնտրող ուղղաթիռների պատճառով:

 

Վանաձորում ստեղծված իրավիճակը լիցքաթափվեց համեմատաբար ավելի շուտ, ինչը հնարավոր դարձավ մի կողմից արտակարգ իրավիճակների նախարարի` «դեպքի վայր» մեկնելու և քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքների կազմակերպումն ավելի համակարգված դարձնելու, իսկ մյուս կողմից` առավելապես, սպասվող ցնցումների՝ հայտարարված ժամերն անցնելու պատճառով:

 

Ինչ վերաբերում է Վարդենիսին, ապա կարելի է փաստել, որ այդ տեղեկությունների տարածումից հետո նույնիսկ 4-5 օր անց խուճապային տրամադրությունները ոչ միայն չեն անցել, այլև ընդգրկել են ողջ հանրապետությունը: Մարդիկ լարված սպասում են, թե ինչ հանգուցալուծում են ստանալու ադրբեջանական դիվերսիոն խմբին վնասազերծելու, 17-ամյա պատանու (պարզվում է՝ իրականում անհետացած տղան ոչ թե 14, այլ 17 տարեկան է) անհետացման հետ կապված զարգացումները: Լարվածության պահպանմանը, եթե չասենք մեծացմանը, նպաստում են պաշտոնական տեղեկատվական հոսքերը, որոնք իրադրությունը պարզելու, առնվազն հասարակությանը հանգստացնելու փոխարեն, ըստ էության, ավելի են խճճում պատկերը:

 

Նախ` սկզբնական շրջանում թե՛ Հայաստանի և թե՛ ԼՂՀ-ի ռազմական գերատեսչությունները գործում էին տեղեկատվությունը չհաղորդելու մարտավարությամբ, այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվում էր բնակչության աչքի առաջ և նրանց ուղղակի մասնակցության պարագայում: Հետո ստիպված պաշտոնապես հաստատեցին հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փաստը, բայց հայտարարվեց, թե խմբին հնարավոր է եղել վնասազերծել, քանի որ նրանց հայտնաբերել են, մի մասին` բռնել, իսկ մյուս մասը դիմել է փախուստի:

 

Զուգահեռ՝ ԼՂՀ ոստիկանությունը հաստատեց քարվաճառցի պատանու` անհասկանալի պայմաններում անհետացման իրողությունը` որևէ կերպ այն չկապելով դիվերսիոն խմբի գործունեության հետ: Նույնիսկ խմբի ձերբակալված անդամի անձնական տվյալները, լուսանկարները հրապարակելու պարագայում Հայաստանի կամ ԼՂՀ-ի համապատասխան կառույցները որևէ կոնկերտ բացատրություն չտվեցին, թե, ի վերջո, քանի՞ հոգանոց խմբի մասին է խոսքը: Եթե իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ խումբը կազմված է եղել 2 հոգուց, ապա ինչո՞ւ է պաշտոնապես խոսվում խմբի մի մասին ձերբակալելու մասին:

 

Երկրորդ` ինչպե՞ս հնարավոր է խոսել խմբի վնասազերծման մասին, եթե հաստատվում է դրա մյուս կեսի` փախուստի մեջ գտնվելու հանգամանքը և եթե որևէ տեղեկատվություն չի տրվում այն մասին, որ ազատության մեջ գտնվող դիվերսանտը(ները) չեն լքել հայկական տարածքները: Այն հանգամանքը, որ իրավասու մարմինները նման դեպքերում ամբողջական տեղեկատվությունը չեն հրապարակում, լիովին հասկանալի է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ գործի ամբողջական բացահայտման տեսանկյունից: Սակայն, հենց նույն նկատառումներից ելնելով, որևէ արդարացում չի կարող ունենալ նման «կիքսերով» կիսատ-պռատ պարզաբանումներ տալը, որը ոչ միայն պարզ շտապողականության, այլև ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է:

 

Իրականում թե՛ Վանաձորում և թե՛ Վարդենիսում առաջացած խուճապը, դրանք չեզոքացնելուն ուղղված՝ պետական մարմինների ձեռնարկած միջոցառումների դանդաղկոտությունը, չպլանավորվածությունը և հատկապես՝ տեղեկատվական սպասարկման ցածր մակարդակը մատնում է նման իրավիճակներին պետական-հասարակական բոլոր մակարդակների կատարյալ անպատրաստությունը: Մարդիկ պարզապես չգիտեն` իրենց ինչպես պահել նման արտառոց իրավիճակներում, ինչ քայլեր ձեռնարկել և, որ շատ ավելի վտանգավոր է, չգիտեն՝ ում հավատալ:

 

Վանաձորում անգամ ամբողջ օրը ԱԻՆ մարզային ծառայությունների կողմից անդադար տրվող բացատրությունների պարագայում քաղաքացիները հրաժարվում էին դրանց հավատալ` շարունակելով վստահել բերանից բերան փոխանցվող բամբասանքային տեղեկություններին:

 

Վանաձորում ստեղծված վիճակը յուրօրինակ լակմուսի թղթի դեր կատարեց` բացահայտելու համար բնական աղետների, դրանցից պաշտպանվելու հետ կապված գրեթե բացարձակ անգրագիտությունը, որը քաղաքացիական պաշտպանության իրազեկման շրջանակում տարվող աշխատանքների սնանկության, այդ նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների աննպատակ վատնման հետևանքներն են:

 

Նույն կերպ Վարդենիսում սկսված և արդեն ողջ հանրապետությունն ընդգրկած լարվածությունը, այն թոթափելուն ուղղված իրավիճակային միջոցառումներն ու հատկապես՝ անվտանգությանն առնչվող տեղեկատվության հետ սիրողական մակարդակով աշխատելու հանգամանքը մատնում են, թե որքան անպաշտպան է հասարակությունը հակառակորդի տեղեկատվական պրովոկացիաների, դիվերսիաների նկատմամբ: Իսկ որքան հասարակությունն է անպաշտպան, նույնքան էլ, բնականաբար, պետությունը:

 

Գևորգ Դարբինյան