կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-20 13:20
Հասարակություն

Tsu.co-ն խոցելի կայք է. մանրամասներ հայերի շրջանում տարածված սոցիալական կայքի մասին

Tsu.co-ն խոցելի կայք է. մանրամասներ հայերի շրջանում տարածված սոցիալական կայքի մասին

Վերջերս հայտնի դարձած tsu.cօ («Սյու») սոցիալական կայքը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայն տարածում է գտել նաև Հայաստանում: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ սոցիալական կայքում արդեն շուրջ 10 հազար հայաստանցի օգտատեր կա:

 

«Սա, ճիշտ է, այնքան մեծ թիվ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ այդքան մարդ գրանցվել է վերջին մի քանի օրերին, արդեն լուրջ ցուցանիշ է: Իհարկե, մարդկանց հիմնական մասին գրավել է գումար աշխատելու հնարավորությունը, քանի որ, ինչպես գիտեք, ակտիվությունն այստեղ գումար աշխատելու հնարավորություն է տալիս: Գումարը հաշվվում է ցենտերով, ամսական կարելի է վաստակել 3-4 դոլար, իսկ հաշվիցդ այն կարող ես հանել միայն 100 դոլար ունենալու դեպքում»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը:

 

Մեդիափորձագետը խոսեց նաև կայքի խոցելի կողմերի մասին, մասնավորապես` անվտանգության: «Այն միացված չէ HTTPS համակարգին, ինչը նշանակում է, որ երրորդ մարդը հեշտությամբ կարող է ներթափանցել ձեր էջը, իմանալ գաղտնաբառը, իմանալ, թե ինչ էջեր եք մտնում, ինչ կայքեր եք այցելում, ինչ եք խոսում և այլն»,- ասաց նա:

 

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դա թերևս նրանից է, որ կայքի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում աննախադեպ մեծացել է, հետևաբար՝ պատասխանատուները չեն հասցրել ձեռնարկել համապատասխան քայլեր օգտատերերի անվտանգության ապահովման ուղղությամբ:

 

«Սոցիալական ցանցում այսօր առավել ակտիվ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հայաստանից մարդիկ»,- հայտնեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Նա նաեւ ասաց, որ որքան շատ տարածվեն օգտատերի կողմից արված գրառումները, այնքան կմեծանա նրանց՝ գումար վաստակելու հնարավորությունը: Որպես օրինակ` մեդիափորձագետը նշեց, որ եթե, օրինակ, Հենրիխ Մխիթարյանն անի գրառում, հավանականությունն ավելի է մեծանում, որ այդ գրառումը շատ կտարածվի:

 

Անդրադառնալով սոցիալական այլ ցանցերի` Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանում շարունակում է ամենաակտիվը լինել odnoklassniki.ru-ն: «Այսօր 1 մլն մարդ ամեն օր Հայաստանից մտնում է «Օդնոկլասնիկի», 800 հազար օգտատեր, ամսական կտրվածքով, ակտիվ է «Ֆեյսբուք»-ում, որոնցից միայն 5%-ն է ֆեյք»,- ասաց նա:

 

Սամվել Մարտիրոսյանը նշեց նաև, որ ինքն անձամբ 6 օրվա ընթացքում «Սյու» սոցիալական կայքում աշխատել է 25 ցենտ: