կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 18:08
Առանց Կատեգորիա

Կբարձրանա՞ ռուսական նոր 11-րդ բանակը հայկական լեռները

Կբարձրանա՞ ռուսական նոր 11-րդ բանակը հայկական լեռները

Այսօր կայացած «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն և ԱՊՀ-ն չեն արձագանքում Հայաստանի պետական սահմանների ուղղությամբ իրականացվող ռազմական, դիվերսիոն գործողություններին, ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը հայտարարել է. «ՌԴ-ն պատրաստ է հարյուր տոկոսով ապահովել Հայաստանի անվտանգությունը, եթե խաղաղապահների հարցը լուծվի: Այլապես` հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ տարածքում խաղաղություն ունենալու համար ոչ ոք չի կարող երաշխավորել»: Ապա ավելի բացահայտելով իր ուղերձի ենթատեքստը և նպատակը` ռուս քաղաքագետը հավելել է. «Պետք է քննարկել այդ հարցը, այլ ոչ թե փոփոխված մադրիդյան սկզբունքները և հույսը դնել Մինսկի խմբի վրա, որին Ուորլիքի բերանով ԱՄՆ-ը փորձում է փաթաթել իր մոտեցումները»:

 

Հետաքրքրական է, որ քաղաքագետի պատասխանը չի բխել հարցի բուն էությունից: Լրագրողի հարցն ակնհայտորեն վերաբերել է ոչ թե Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության ապահովմանը, այլ ընդամենը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի անդամ հանդիսացող Հայաստանի դեմ ուղղված սահմանային սադրանքներին այդ կազմակերպությունների կողմից քաղաքական գնահատական չհայտնելուն: Այս հանգամանքն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքագետը պարզապես օգտվել է հնչած հարցով պայմանավորված ստեղծված իրադրությունից և ասել է այն, ինչի համար և մասնակցել է այդ տեսակամրջին:

 

Իսկ ուղերձն իրականում ուղղված է եղել երկու թիրախի: Առաջին` եթե Հայաստանն ուզում է, որպեսզի սահմանային միջադեպերը չլինեն և իր անվտանգությունը երաշխավորվի, ապա պետք է համաձայնի շփման գծում ռուսական կամ նվազագույնը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Երկրորդը բխում է առաջին ուղերձի տրամաբանությունից` որպեսզի դա հնարավոր լինի, Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից և հակամարտության կարգավորման խնդիրը վերապահի բացառապես Ռուսաստանին:

 

Դժվար է ասել` տվյալ դեպքում Եվսեևն իր անձնակա՞ն տեսակետն է արտահայտում, թե՞ նրա շուրթերով այդ առաջարկը` առայժմ փորձագիտական մակարդակով, հնչեցնում է պաշտոնական Մոսկվան: Սակայն այս ուղերձները որոշակիորեն ցույց են տալիս, թե ինչպիսի էական փոխությունների է ենթարկվել Ռուսաստանի քաղաքական կուրսի ոճը հարավկովկասյան տարածաշրջանում:

 

Ընդամենը երկու ամիս առաջ նույն Եվսեևը հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի Ադրբեջանը չի կարող կայծակնային պատերազմի միջոցով «ազատագրել» հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, իսկ ավելի երկարատև պատերազմ վարել նրան թույլ չի տա միջազգային հանրությունը: Սակայն եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն, ինչպես պնդել է Եվսեևը, Ռուսաստանը չեզոք դիրք կգավի: Սա, ըստ էության ,կարելի է համարել թաքնված սպառնալիք կամ շանտաժ` առաջին հերթին Հայաստանի նկատմամբ:

 

Խնդիրն այն է, որ տարածաշրջանում խաղաղապահների անվան տակ ռազմական կոնտինգենտ տեղակայելու մտադրությունը Ռուսաստանը կարող է ինչ-որ չափով լեգիտիմացնել միայն մեկ դեպքում` եթե Հայաստանի իշխանությունը, հիմնվելով Ռուսաստանի հետ կնքված երկկողմ ռազմական համագործակցության համաձայնագրի կամ ՀԱՊԿ-ի կանոնադրության վրա, պաշտոնապես դիմի Մոսկվային` կատարելու Հայաստանի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը, այսինքն` եթե Հայաստանն ինքը Ռուսաստանին, որպես խաղաղապահ, միակողմանիորեն հրավիրի:

 

Իսկ որպեսզի Հայաստանը կատարի այդ քայլը, անհրաժեշտ է առնվազն երկու նախադրյալ: Առաջին` համոզմունքի ներշնչում այն բանում, որ սեփական ուժերով հայկական կողմն այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը և զսսպել հակառակորդին: Իսկ դա, իր հերթին, հնարավոր է` բացառապես հօգուտ Ադրբեջանի ուժային բալանսի ակնհայտ և կտրուկ խախտման և այդ տարբերությունը սահմանագծում լարվածության հետևողական բարձրացման և սադրանքների միջոցով ընդգծելով: Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում արդեն մի քանի ամիս շարունակ:

 

Մի կողմից «սովորական բիզնեսի» անվան տակ Ռուսաստանը մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին և շարունակում է դա անել` միտումնավոր անտեսելով դրանով կողմերի միջև ուժային բալանսի խախտման իրողությունը: Իսկ մյուս կողմից` որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հատկապես վերջին շրջանում սահմանային բախումները, սադրիչ, դիվերսիոն գործողություններն իրականացվում են ոչ թե ԼՂՀ-ի, այլ հենց Հայաստանի պետական սահմանների ուղղությամբ, ինչն ավելի քան նպատակային է: Բանն այն է, որ միայն Հայաստանի, և ոչ երբեք Լեռնային Ղաղաբաղի դեմ ռազմական գործողությունների պարագայում Ռուսաստանը իրավունք կունենա ռազմական միջամտություն ցուցաբերել, ինչի համար անհրաժեշտ է, որ արտաքին ագրեսիան ծավալվի հենց Հայաստանի սահմանների դեմ:

 

Երկրորդ նախադրյալը հակամարտության կարգավորումից Արևմուտքի կատարյալ դուրսմղումն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը անիմաստ և աննպատակ դարձնելու և մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու միջոցով: Իսկ դա Ռուսաստանը կարողն է անել բացառապես հակամարտող կամ բանակցող կողմերի ներքին փոխհամաձայնության պարագայում: Ադրբեջանը վաղուց արդեն գործում է ՄԽ-ի ձևաչափն անարդյունավետ դարձնելու տրամաբանությամբ` ձախողելով բանակցությունները շարունակելու` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերջին բոլոր նախաձեռնությունները: Ֆրանսիայի նախագահի կողմից նախագահների մակարդակով հանդիպելուց հրաժարվելը դրա դրսևորումներից մեկն է:

 

Մնում է հայկական կողմը, ավելի ճիշտ` Երևանը, որին դարձի բերելու ուղղությամբ էլ, փաստորեն, աշխատում են ռուս փորձագետները` ի դեմս Եվսեևի: Հայաստանն առայժմ փորձում է դիմադրել այդ սցենարին` թերևս հասկանալով, որ այդ դեպքում ամբողջությամբ դառնալու է Ռուսաստանի և հնարավոր է` զուգահեռաբար նաև ռուս-թուրքական ավելի գլոբալ տարածաշրջանային համատեղ պրոյեկտների գերին կամ գուցե զոհը:

 

Հենց դրանով էր պայմանավորված օրերս Երևանում ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպված` խաղաղապահ առաքելությանը նվիրված կոնֆերանսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արած շեշտադրումները` ԼՂ հակամարտության գոտում արտաքին խաղաղապահ ուժերի տեղակայման անընդունելիության մասին: Մնում է հասկանալ` դրանով Երևանը համակարտությունը ՌԴ-ից բացարձակ կախվածության մեջ դնելու առաջա՞րկն է ընդհանրապես մերժում, թե՞ պարզապես նրան չեն բավարարում այն պտուղները, որոնք խոստանում են ռուսական սցենարով առաջնորդվելու պարագայում:


Գևորգ Դարբինյան