կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 19:34
Առանց Կատեգորիա

Ինչ էր ճշտում Լավրովը Երևանում

Ինչ էր ճշտում Լավրովը Երևանում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես և սպասվում էր, այսօր ժամանել է Հայաստան: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ըստ պաշտոնական տեղեկատվության` այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգն ընդգրկող բոլոր հիմնական ուղղությունները` տնտեսական, քաղաքական, ռազմաստրատեգիական, ԼՂ հիմնահարցի կարգավորման և այլն:

 

Լավրովը, սակայն, Երևանում լուրջ ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, կարծես, չարեց: Իսկ խնդիրները, որոնց շրջանակում տեղի էին ունեցել բանակցությունները, հուշում են այն մասին, որ նրա այցն ավելի շատ տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելուն ուղղված դիվանագիտական քայլ էր: Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստան էր գալիս գրեթե Բաքվից: Նա Ադրբեջանում էր գտնվում նախորդ շաբաթվա վերջին, որից հետո պաշտոնական Բաքուն, ի դեմ փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, հանդես եկավ ԼՂ-ն իրեն «հանձնելու» դիմաց Ռուսաստանի վստահելի գործընկերը դառնալու, նույնն է թե` ռուսական աշխարհաքաղաքական նախագծներում ներգրավվելու առաջարկությամբ:

 

Լավրովի այցը Հայաստան ինչ-որ առումով պետք է պատասխաներ այն հարցին, թե որքանով է այդ առաջարկությունն ընդունելի Մոսկվայի համար, և որքանով է Ռուսաստանը շարունակում մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության և անվտանգության երաշխավորի իր ստանձնած պարտավորությունների շրջանակում: Այս հարցի պատասխանը, սակայն, ըստ էության, չտրվեց:

 

Ընդհակառակը` այցին առնչվող հատկապես երկու հանգամանք նոր հարցադրումների և անորոշությունների տեղիք տվեց: Առաջին` Լավրովի այցին զուգահեռ տեղի ուենցավ հեռախոսազրույց Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև: Թե դա կողմերից որ մեկի նախաձեռնությամբ կայացավ, պարզ չէ, սակայն ուշագրավ է, որ նախագահներ Ալիևը և Պուտինը հիմնականում կենտրոնացել են տարածաշրջանային ակտուալ հիմնահարցերի վրա, այդ թվում նաև` ԼՂ հիմնախնդրի:

 

Հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Տարածաշրջանային օրակարգի ակտուալ խնդիրների մասին կարծիքների փոխանակման ժամանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ռուսական կողմը հաստատել է, որ կփորձի անել առավելագույնը՝ խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով գտնելու համար»

 

Ակնհայտ է, որ շեշտվում է թե տարածաշրջանում, և թե ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում Ռուսաստանի առանձնահատուկ կարգավիճակը, որը և պետք է կամ կարող է միակողմանի օգատագործվել հարաբերական կայունությունը պահպանելու, բանակցային գործըթնացը Մոսկվայի հովանու ներքո շարունակելու հարցում: Թերևս պատահական չէր Երևանում Լավրովի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը ձգտելու է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսությանը: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան ցանկանում է կրկին ստանձնել, այսպես կոչված, գլխավոր միջնորդի` հայկական և ադրբեջանական կողմերին բանակցությունների սեղանին նստեցնողի հիմնական գործառույթը և դա փորձում է անել այդ հարցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների փաստացի ձախողումների ֆոնին:

 

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպելու առաջարկ արեցին, որի կապակցությամբ կողմերն այդպես էլ դիրքորոշում չհայտնեցին:

 

Հետևաբար, չի բացառվում, որ Լավրովի այս այցերից հետո հանկարծ հայտի դառնա, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել ռուսական քաղաքաներից որևէ մեկում Կրեմլի անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Եթե դա տեղի ունենա, նշանակում է` սկսվում է ղարաբաղյան կարգավորման բանակցային նոր գործընթաց` արդեն եվրասիաինտեգրացիոն նախագծերի հենքի և տրամաբանության վրա խարսխված:

 

Այս իմաստով, ի դեմ Լավրովի այցի, փաստորեն գործ ունենք ոչ թե հայ-ռուսական երկկողմ, այլ զուգահեռ, նաև Ադրբեջանի ներգրավվածությամբ բանակցությունների հետ: Ընդ որում, եթե Մոսկվան Երևանի հետ բանակցում է արտգործնախարարի մակարդակով, նույն պահին Ադրբեջանի հետ բանակցում է նախագահի մակարդակով: Այս իմաստով Լավրովը Երևան է եկել` ոչ թե մեզ համար ակտուալ հարցադրումներին պատասխաններ տալու, այլ ավելի շատ հայկական կողմին նոր հարցադրումներ ներկայացնելու, նրանից նոր ճշգրտումներ անելու:

 

Երկրորդ` արտգործնախարար Նալբանդյանի հետ բանակցությունների մանրամասներին անդրադառնալիս Լավրովը նշել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև տարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը:

 

Այն փաստը, որ առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող այս դետալի մասին խոսում է Սերգեյ Լավրովը, ցույց է տալիս, որ թեման բարձրացվել և քննարկվել է հենց ռուսական կողմի ցանկությամբ և նախաձեռնությամբ: Մինչդեռ թվում էր, թե Աստանայում Ալիևի հայտնի նամակի ընթերցանությունից հետո Ռուսաստանի անտարբերությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի արած, կազմակերպության անդամ երկրների կողմից միմյանց շահերը պաշտպանելուն ուղղված համաձայնեցված մոտեցումներով առաջնորդվելու մասին հայտարարության ուղղակի և բացահայտ արհամարհումը նաև Մոսկվայի կողմից, առաջին հերթին հենց Երևանին պետք է դրդեին բարձրացնելու այդ հարցը` ելնելով առաջին հերթին սեփական հետաքրքրություններից:

 

Մինչդեռ այս դեպքում, փաստորեն, Ռուսաստանն է Հայաստանի վարքագծի հետ կապված ինչ-որ բանից դժգոհ, և Լավրովը ձեռքի հետ որոշ դաստիարակչական աշխատանքներ է տարել Երևանում: Ընդ որում` Լավրովը խոսում է արտաքին քաղաքական հարցերում տեսակետներն ու գործողությունները ոչ թե համաձայնեցնելու, այլ համակարգելու մասին: Իսկ համակարգումը ցանկացած պարագայում նշանակում է ինքնիշխան գործառույթների ինչ-որ մասի հանձնում համակարգողին: Ուղղակի ծիծաղելի է կարծել, որ Լավրովը` որպես համակարգող, նկատի ունի Հայաստանը:

 

Գևորգ Դարբինյան